շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները

Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները

Փետրվարի 27-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
 
«Բարձր գնահատելով երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների բազմապատիկ աճի՝ վերջին տարիներին դիտվող կայուն միտումը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն ընդգծել է փոխադարձ մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացմանն ու տեղեկատվական ուղեկցման ապահովմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Նշյալի համատեքստում ներկայացվել են Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի հիմնական դրույթները։
 
Իր հերթին՝ ակումբի տնօրեն Կայրբոլատ Սախմետովը վերահաստատել է կազմակերպության անդամների հետաքրքրվածությունը հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության մասով գործնական ներգրավվածության հարցում։
 
Կայացած քննարկումների ընթացքում KazakhExport, Kazlogistics, ինչպես նաև մի շարք ինքնակարգավորվող կազմակերպությունների, ասոցիացիաների և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները ներկայացրել են փոխշահավետ գործընկերության ընդլայնման հեռանկարային ուղղությունների մասով իրենց տեսլականը։
 
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկխոսությունը շարունակելու մասով՝ հօգուտ տնտեսության ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համագործակցության ընդլայնման»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: