շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աշխատավարձերը գրեթե 2 անգամ ավելի շատ կբարձրանան, քան պարգեւավճարներն են դարձել աշխատավարձ. նախարար

Աշխատավարձերը գրեթե 2 անգամ ավելի շատ կբարձրանան, քան պարգեւավճարներն են դարձել աշխատավարձ. նախարար

Կառավարությունը 2023-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագիծ է բերել ԱԺ, դրան համապատասխան կավելանա նաեւ բազային աշխատավարձը, հետեւաբար հանրային հատվածում պետական աշխատողների աշխատավարձերը որոշակի համամասնությամբ կբարձրանա: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ 2023 թվականի բյուջեի նախագծում  25 մլրդ դրամով նվազեցվել են պետական ապարատի պարգեւատրումները, բայց աշխատավարձը աճել է 25 մլրդ դրամով:

«Երկու բան է տեղի ունեցել, երբ մենք վերահաշվարկում էինք այդ բազային աշխատավարձերը, մասամբ դրանք ֆինանսավորվում են այն զուտ ավելացումների հաշվին, որը կառավարությունը կգումարի աշխատավարձի ֆոնդին, իօսկ այդպիսիք 2023-ի համար 21 մլրդ դրամ է: Իսկ մի մասը, որ անցյալում պարգեւավճար էր, կվերահաշվարկվի որպես աշխատավարձ: Այսինքն այն, ինչ մենք կոչում էինք պարգեւավճար, դա կլինի այդ աշխատողների աշխատավարձի մի մաս:

Ստանալու են ավելի շատ, քան առաջ են ստացել, եւ նախկինում ստացածի մի մասը, որ կոչվում էր պարգեւավճար, այսուհետ կկոչվի աշխատավարձ: Եթե առաջ պետական ծառայողների պարգեւավճարները կազմում էին աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը, ապա հաջորդ տարի կկազմի 16 տոկոսը»,-ասաց նախարարը՝ հավելելով. «Աշխատավարձերը գրեթե երկու անգամ ավելի շատ կբարձրանան, քան պարգեւավճարներն են դարձել աշխատավարձ»:

  • Կիսվել: