կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Աշխատանքային օրենսգրքի նոր հոդվածը կնախատեսի ստաժորության ինստիտուտի կարգավորում. փոխնախարար

Աշխատանքային օրենսգրքի նոր հոդվածը կնախատեսի ստաժորության ինստիտուտի կարգավորում. փոխնախարար

Աշխատանքային օրենսգրքի նոր հոդվածը կնախատեսի ստաժորության ինստիտուտի կարգավորում։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական լսումների ժամանակ, փետրվարի 24-ին ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ստաժոր է համարվում այն քաղաքացին, որը որեւէ գործատուի մոտ 2 ամսվա ընթացքում աշխատանքային պրակտիկա է անցնում։ Ի տարբերություն մինչ այժմ գործող մեխանիզմների՝ այս ինստիտուտն ունի իր առանձնահատկությունները։

«Սովորաբար բուհերը, պրակտիկա անցնելու համար, ուսանողներին ուղարկում են կոնկրետ կազմակերպություններ եւ հաստատություններ։ Այնուամենայնիվ, ստաժորության դեպքում քաղաքացին կկարողանա ինքնուրույն ընտրել իր գործատուին։  Սակայն այստեղ եւս սահմանափակումներ կան։ Ստաժորության տեւողությունը սահմանվելու է երկու ամիս։ Ստաժորը չի կարողանա այն անցնել նույն գործատուի մոտ մեկ անգամից ավելի։ Այլ պայման է գործատուի՝ առնվազն 10 աշխատակից ունենալը։ Այս դեպքում նա կարող է վերցնել եւս մեկին»,- ասել է Սարգսյանը։

Կսահմանվեն նաեւ պրակտիկայի ժամերը։ Հնգօրյա շաբաթական ժամանակացույցով աշխատանքային ժամերը չպետք է գերազանցեն 4-ը։ Ընդ որում՝ մեկ շաբաթում դրանք չպետք է գերազանցեն 20-ը։

  • Կիսվել: