երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ասել, որ ՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների շուկան փակ է մեր կաթնամթերքի առաջ, այդքան էլ ճիշտ չէ. Նարեկ Տերյան

Ասել, որ ՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների շուկան փակ է մեր կաթնամթերքի առաջ, այդքան էլ ճիշտ չէ. Նարեկ Տերյան

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2023 թվականի մայիսի 25-ին Մոսկվայում:

Արձանագրությամբ սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձևավորման ընթացակարգը, և ամրագրվում է այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը, ինչպես նաև սահմանվում է ֆինանսական աջակցության ձևաչափը՝ համապատասխանաբար, Եվրասիական միջկառավարական և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով:

Արձանագրության դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի պահանջներին:

Նախագծով նախատեսվող փոփոխությունների նպատակն է ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության ոլորտների կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցության նոր գործիք:

Իրական հատվածում համագործակցության ֆինանսավորման նոր մեխանիզմը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական հատվածի հետագա տեխնոլոգիական զարգացմանը և կխթանի եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները՝ ապահովելով նաև փոքր տնտեսությունների մասնակցությունը նոր բարձր տեխնոլոգիական արտադրությունների մշակման և կիրառման գործընթացներին: 

«Նշեմ, որ աջակցության չափը մեկ տարվա համար մոտավորապես կկազմի 20-22 մլն դոլար, և մեկ ծրագրի տարեկան սուբսիդավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել շուրջ 3,8 մլն դոլար»,- նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Նարեկ Տերյանը: 

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց՝ մի շարք կաթնամթերք արտադրողներ են դիմել ԱԺ՝ տեղեկացնելով, որ ՌԴ-ն և Բելառուսն արգելել են հայկական կաթնամթերքի ներմուծումը իրենց շուկաներ, այնինչ այդ երկրների արտադրանքը հայկական շուկայում է, և հայ արտադրողները հայտնվել են ոչ մրցունակ վիճակում:

Պատգամավորը հարց ուղղեց Նարեկ Տերյանին՝ նամակ արդյոք ստացե՞լ է էկոնոմիկայի նախարարությունը, և ի՞նչ են մտածում անել: Վերջինս տվեց դրական պատասխան:

«Այո՛, ստացել ենք, և ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել ենք: Կազմվել էր հայ արտադրողների ցուցակ, որը համաձայնեցվել էր ռուսական, բելառուսական և ԵԱՏՄ անդամ երկրների հետ, որպեսզի կարողանային արտահանել արտադրանքը ԵԱՏՄ շուկա: Հիմա, ինչքանով մեր նախարարությունը տեղյակ է, հարցը մասամբ լուծված է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց՝ հայկական արտադրողների կաթնամթերքն արգելված չէ արտահանել ԵԱՏՄ շուկա:

«Կան արտադրողների ռեեստրներ, և այն արտադրողները, որոնք ներառված են այդ ռեեստրներում, արտահանվում են ԵԱՏՄ շուկաներ, կան արտադրողներ, որոնք խնդիրներ ունեն: Նրանց հետ մենք հիմա աշխատում ենք, որ այդ խնդիրները հիմա լուծվեն: Ասել, որ ՌԴ-ի և ԵԱՏՄ այլ երկրների շուկան փակ է մեր կաթնամթերքի առաջ, այդքան էլ ճիշտ չէ: Այն բաց, է, և խնդիր ունեցող արտադրողների հետ աշխատում ենք»,- մանրամասնեց Տերյանը:

Իր հերթին, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք քննարկվել է այնպիսի հարց, որ մեծ խանութներում կամ ցանցերում լավագույն տեղերում մի հատված հատկացվի հենց տեղական արտադրողին: 

Նա իր հնչեցրած հարցը բացատրեց հայ արտադրողների մտահոգություններով:

«Այո՛, դա մեր օրակարգում է, և նման քննարկումներ ընթանում են, որ սահմանվեն այնպիսի կարգավորումներ, որ հայկական արտադրողներն ավելի լավ ցուցադրվեն: Հուսով եմ՝ մոտակա ժամանակներս կներկայացնենք»,- ասաց նա:

  • Կիսվել: