հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արզումանյան փողոցում 2 վթարային շենք կքանդեն. Բնակիչներին այդ վայրում կառուցվող շենքում բնակարաններ կստանան

Արզումանյան փողոցում 2 վթարային շենք կքանդեն. Բնակիչներին այդ վայրում կառուցվող շենքում բնակարաններ կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերի և հարակից բակային տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար անհրաժեշտ է ձեռք բերող ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Քննարկվող՝ Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեներում գտնվողն բազմաբնակարան բնակելի շենքերը 4-րդ կարգի վթարային են և կանգնած են փլուզման վտանգի առջեւ:

Երևանի զարգացման 2019-2023 թթ. հնգամյա ծրագրով նախատեսված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման առկա հիմնախնդիրների լուծում:

Բնակիչների անվտանգության ապահովման խնդիրը լուծելու համար առաջարկվում է քանդել վթարային շենքը՝ տեղում նոր կառուցվող շենքերից բնակարանների հատկացում կատարել բնակիչներին:

Այդ տարածքում նվազել են ընդհանուր օգտագործման գոտիները՝ խաղահրապարակներ, կանաչապատ տարածքներ:

Բակերում տարբեր ժամանակահատվածներում տեղակայվել են խառը, տարաբնույթ, անկանոն քարե և մետաղական շենքեր և շինություներ, այդ թվում կրպակներ և ավտոտնակներ, նաև այդ տարածքները վերածվել են ժամանակավոր կայանատեղերի:

Ըստ նախագծի ոչ միայն քանդվելու են վթարային շենքերը, այլեւ քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ բակի ստեղծմանը խաթարող ծանրաբեռնված տարածքները մաքրվելու են, տարածքը կանաչապատվելու է, ստեղծվելու են հանգստի գոտիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց. «Երկար ժամանակ քննարկում էինք, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիները ստանան համարժեք բնակարաններ: Հիմա կոնկրետ այդ հարցով նախագիծ է ձևավորվել»,- ասաց Փաշինյանը:

Թեման մանրամասնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ նշելով. «Դեռևս հոկտեմբերին Աջափնյակ կատարած շրջայցը սկսել էինք 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին հանդիպելուց: Աջափնյակը մեզ մոտ ամենահարուստն է 4-րդ կարգի վթարային շենքերի առումով: Առհասարակ, Երևանում ունենք 13 բազմաբնակարան 4-րդ կարգի վթարային շենքեր: Երևանում ունենք 100-ից ավելի 3-րդ կարգի վթարային շենքեր:

Խոշոր կառուցապատողներին առաջարկում ենք ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում և որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցել, ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը և նրանց հետ տարբեր պայմանավորվածություններ ունենալ՝ նոր կառուցվող շենքում բնակարան հատկացնել, այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ»,- ասաց Ավինյանը:

  • Կիսվել: