Առողջության համապարփակ ապահովագրական համակարգը 2027-ին ամբողջապես կներդրվի. Ավանեսյան
Ապահովագրական համակարգը ներդրվել է փուլային կերպով՝ 3 տարիների ընթացքում և կարծում ենք, որ այս փուլային համակարգը նաեւ նպաստելու է, որ համակարգը աստիճանաբար պատրաստ լինի դիմելության բարձրացմանը և աճին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը:
«Մեր կողմից իրականացվող մեծածավալ ներդրումները՝ կապիտալ շինարարությունները, համակարգային փոփոխությունները, որակի նկատմամբ վերահսկողությունը իրենց արդյունքը տալու են նաեւ ապահովագրական համակարգում:
Ես պնդում եմ՝ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու.,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ անգամ պետպատվերը չի փակում ամբողջությամբ բուժման ծախսերը, Ավանեսյանն ասաց. «Պետպատվերը փակում է այն ծառայությունների շրջանակը եւ ծավալը, որը մեր օրենքներով սահմանված են: Այո, ապահովագրությունն է, որ պետք է տա այս հարցի լուծումը: Եվ Վրաստանը, եւ Ռուսաստանը ունեն պարտադիր ապահովագրական համակարգեր եւ տարիներ առաջ իրականացրել են այն աշխատանքը, որը մենք այսօր ենք իրականացնում: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր խոստացած բարեփոխումներին»:
Հարցին՝ արդյոք օնկոլոգիական հիվանդությունները մտնելու են ապահովագրության մեջ, նախարարը պատասխանեց. «Թե օնկոլոգիական հիվանդությունների, թե սրտանոթային հիվանդությունների դեպքում այն հիմնական բեռը, որ այսօր քաղաքացին կրում է, դա ապահովագրական փաթեթի մեջ ներառված լինելու է: 2027-ին ամբողջապես համակարգը կներդրվի»: