շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Առողջության ապահովագրության փաթեթի մեջ ներառվելու են թանկարժեք վիրահատությունների հիմնական մասը, դեղորայքային բուժումը և հետազոտությունները․ նախարար

Առողջության ապահովագրության փաթեթի մեջ ներառվելու են թանկարժեք վիրահատությունների հիմնական մասը, դեղորայքային բուժումը և հետազոտությունները․ նախարար

Առողջության ապահովագրության փաթեթում  ծառայությունների շրջանակը բավական լայն է ընտրված, այո՛, ապահովագրական համակարգն ամեն ինչ չի «փակելու» և չի էլ կարող․ մեզ համար կան առաջնային խնդիրներ, որոնք  պետք է լուծենք։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում  ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք թանկարժեք վիրահատությունների իրականացումը ևս կընդգրկվի  առողջության ապահովագրության փաթեթի մեջ։

«Այս պահին ՀՀ-ում գործող ծառայությունների մեծամասնությունն ընդգրկված է փաթեթի մեջ։ Դրանք վերաբերում են նաև թանկարժեք վիրահատություններին, միջամտություններին, դեղորայքային բուժմանը, հետազոտություններին։ Այսօր էլ  թանկարժեք վիրահատությունների համար պետությունը մեծամասամբ չի վճարվում, բայց կա ծավալ, որ «փակում է» պետական պատվերը։ Հիմա մեր նպատակն է որ այդ պետական պատվերը վերածվի ապահովագրական  փաթեթի՝ ավելի լայն ծառայություննեով, այո՛, մենք միշտ էլ ասում ենք, որ պլաստիկ վիրահատություններ կան, որոնք չեն փակվելու այս  ապահովագարական փաթեթի շրջանակներում, դրանք ինչպես այսօր է, իրականացվելու են վճարների հիման վրա»,-նշեց Ավանեսյանը։

Նախարարը նշեց նաև, որ համապարփակ  ապահովագրական համակարգի ներդրմամբ ոլորտում, մի շարք  խնդիրներ կլուծվեն, կմշակվի գործելակարգ՝ բուժհաստատությունների համար․ «2024-ից  ունենալու ենք 300 գործելակարգեր, որոնք «փակելու են» ծառայությունների մեծ մասը, այս տարի պիտի մշակենք, ներդնենք  և դրանք դառնան պարտադիր բժշկական  կենտրոնների համար։ Գործելակարգերը փաստաթղթեր են, որոնք պացիենտի հիվանդության վարման ամբողջ ընթացքին են վերաբերում։ Ապահովելու ենք, որ համակարգի ներդրման ժամանակ  բոլոր հիմնական ուղղությունների մասով ունենանք մշակված գործելակարգեր, որ պացիենտը գնա Գյումրու, Երևանի, թե Մեղրիի որևէ բժշկական կենտրոն,  նրա բուժման սխեման լինի նույնական»։ 

Նրա խոսքով՝ մենք մշտապես բախվում ենք այն խնդրին, որ մարդը ունի որոշակի բժշկական ծառայության կարիք և չունի գումար այդ ծառայությունը ստանալու․

«Շատ դեպքերում հետաձգում են այնքան, մինչև վիճակը սրվում է, որ դառնում է շատ ավելի ծախստար ու անհետաձգելի, երբեմն էլ առողջացման շանսերն իջնում են։ Ուստի մենք զուգահեռ պետք է աշխատենք համակարգի ուժեղացման, վերափոխման ու ապահովագական համակարգի ներդրման ուղղությամբ»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով ապահովագրական փաթեթի արժեքին՝ Ավանեսյանն ասաց․

«Մենք չեն ունենալու եկամտից կախված վճարային համակարգ, փաթեթի արժեքը լինելու է բոլորի համար նույնական, բայց պետության կողմից սուբսիդավորման տոկոսները տարբեր են լինելու։ Փաթեթը լինելու է բավական ընդգրկուն, հիմնված է Հայաստնում հիվանդացության հիմնական բեռի վրա՝ սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, դիաբետ և այլն։ Դեղորայքը ևս ընդգրկվելու է փաթեթի մեջ ու քիմիաթերապևտիկ դեղերը, խրոնիկ հիվանդությունների դեղերը, որոնք հիմնական բեռն են հանդիսանում, ընդգրկվելու են առողջապահական այս փաթեթի մեջ»։

  • Կիսվել: