երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առողջապահությանն ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել մեր երկրում առկա առողջապահության ոլորտի կարիքը. քննարկվել են ԱՆ 2023 թ. բյուջետային նախնական հատկացումները

Առողջապահությանն ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել մեր երկրում առկա առողջապահության ոլորտի կարիքը. քննարկվել են ԱՆ 2023 թ. բյուջետային նախնական հատկացումները

ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկրի առողջապահության ոլորտը: Մեր հարեւան երկրներում առողջապահությանն ուղղվող բյուջետային միջոցները կազմում են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը: Մենք ունենք կարեւորագույն թիրախ՝ մոտենալու այդ 4 տոկոսին. այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Առողջապահության բնագավառին 2023 թ. պետբյուջեի նախագծով կհատկացվի 146 մլրդ 373 մլն դրամ: Ընթացիկ տարվա գումարի չափը 141 մլրդ 415 մլն դրամ է: 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 157 մլրդ դրամ, որը պայմանավորված է եղել համավարակով: 2023 թ. կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղվող ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 5 մլրդ դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2023 թ. բյուջետային ավելացումներն ուղղվելու են առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը:

«1,7 մլրդ դրամ կտրամադրվի այս բարեփոխման համար: Բայց մենք առաջնորդվել ենք Կառավարության համար շատ կարեւոր սկզբունքով, որ աշխատավարձերը վերանայվելու են միայն բուժաշխատողների անձնական արդյունքային ցուցանիշների բարեփոխման պարագայում, որպեսզի դա ազդի նաեւ ծառայությունների որակի վրա»,- ասել է նա:

Առողջապահության նախարարի հավաստմամբ՝ կիրականացվեն մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Մոր եւ մանկան առողջության պահպանում» ծրագիրը, որը կֆինանսավորվի 21 մլրդ 17 մլն դրամով: Սիրտանոթային, շաքարային դիաբետի ու չարորակ նորագոյացությունների բուժմանը կուղղվի 20 մլրդ 103 մլն 500 հազար դրամ:

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է իրականացնել առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում եւ ամբողջական վերազինում: 2023 թ. այդ ծրագիրը կշարունակվի: Ուշադրություն կդարձվի մարզային ամբուլատորիաների վերակառուցմանն ու վերազինմանը. Շիրակի մարզում եւ Վանաձոր համայնքում կվերակառուցվեն պոլիկլինիկաները:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ եկող տարի կվերանայվեն նաեւ որոշ բժշկական ծառայությունների գներ: Նախարարը նշել է, որ որոշ ծառայությունների գներ հնարավոր է աճեն, որոշ ծառայությունների դեպքում էլ կլինի գնիջեցում:

Համաշխարհային բանկի ծրագրերով 2023 թ. ապրիլին շահագործման կհանձնվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 69 մահճակալով բժշկական կենտրոնը, իսկ Եղեգնաձորի 36 մահճակալով ԲԿ-ն կշահագործվի 2023 թ. աշնանը: Վերակառուցվելու է նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը:

 

Առողջապահության նախարարը պատասխանել է հանձնաժողովականների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվել են համակարգում առկա խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:

Անահիտ Ավանեսյանը կարեւորել է ոլորտում առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումը:

Առողջապահության բնագավառի վերաբերյալ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը Նարեկ Զեյնալյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ նախնական քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում:

  • Կիսվել: