չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արդյունաբերողներն ու գործարարները մտահոգիչ են համարում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության մասին հայտարարությունները

Արդյունաբերողներն ու գործարարները մտահոգիչ են համարում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության մասին հայտարարությունները

Գործարարները անհանգստացած են՝ տարբեր ոլորտներում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության կոչերից։ Այս մասին ասված է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության այսօր տարածած հայտարարության մեջ։

«Համավարակի շրջանում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին միշտ չէ, որ կարելի է միանշանակ գնահատական տալ: Ակնհայտ է, որ եղել են և՛ իրավիճակին համապատասխան քայլեր ու լուծումներ, և՛, ցավոք, վրիպումներ: Մեզ՝ գործարարներիս, անշուշտ, ավելի տեսանելի են տնտեսությունում ծագած բարդությունները, գործադիրի խնդիրներն ու բացթողումները: Հարկ ենք համարում նշել, որ այդ սխալները մեծ մասամբ շտկելի են, և ակնկալում ենք, որ դրանք ապագայում չեն կրկնվի»:

Միաժամանակ միության անդամ  արդյունաբերողներն ու գործարարները մտահոգիչ են համարում կառավարությունում եւ Ազգային ժողովում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության մասին հայտարարությունները․

«Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում ազատականության գաղափարներից, պատեհ ու անպատեհ առիթներով հնչեցնում տարբեր ոլորտներում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության մասին։ Սա հարիր չէ ազատ շուկայական տնտեսության քաղաքականություն որդեգրած անկախ Հայաստանին և նպաստում է կառավարության գործունեության նկատմամբ ոչ դրական վերաբերմունքի ձևավորմանը», նշել են հայտարարության հեղինակները, նաեւ վստահություն հայտնել, որ այս նոր դրսևորումը նույնպես շտկելի է:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը բարձր է գնահատում Հայաստանի գործադիր իշխանության գործադրած ջանքերը մեր երկրի համար այս բարդագույն իրավիճակում․

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը՝ միևնույն ժամանակ ակնկալելով թույլ տրված բացթողումների ու սխալների շուտափույթ շտկում, խնդիրների հնարավորինս արագ լուծում և գործադիր իշխանության ներդաշնակ ու նպատակային աշխատանք՝ առանց ազատականության գաղափարներից որևէ նահանջի»

 

  • Կիսվել: