հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համոզված եմ՝ ՀՀ կառավարությունը ապագայում ևս աջակցելու է Արցախի իշխանություններին. Արայիկ Հարությունյան

Համոզված եմ՝ ՀՀ կառավարությունը ապագայում ևս աջակցելու է Արցախի իշխանություններին. Արայիկ Հարությունյան

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը մտադիր է ֆինանսական աջակցության համար դիմել ՀՀ իշխանություններին: Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսին՝ պատասխանելով հարցին, թե հաշվարկներ ունե՞ն՝  Արցախում տնտեսական աճը կամ անկումը որքան կլինի և, եթե տնտեսական անկում լինի և բյուջեն հնարավոր չլինի ապահովել, ապա պատրաստվում են դիմել ՀՀ կառավարությանը լրացուցիչ ֆինանսական աջակցության համար։

Արայիկ Հարությունյանի խոսքով, այսօր դժվար է հաշվարկներ անել, քանի որ պարզ չէ, թե կորոնավիրուսի տարածումն ինչ չափերի կհասնի։

Ըստ նրա, բարեբախտաբար գյուղատնտեսության ոլորտում, որը մեծ տեսակարար կշիռ ունի,  աճ է սպասվում, եթե, իհարկե, համաճարակի ազդեցությունը շատ ավելի ծանր չլինի։

«Ինձ թվում է, որ կլինի անհրաժեշտություն Հայաստանի իշխանությունների հետ քննարկել լրացուցիչ միջոցներ ներգրավելու հարցը, ոչ թե` օգնության: Միջոցները կուղղվեն տնտեսության խթանման համար: Այդ նպատակով մտադիր եմ մի շարք հանդիպումներ ունենալ ՀՀ  իշխանությունների հետ»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ պարենային անվտանգության առումով լուրջ աշխատանքներ պետք է տարվեն, և լուրջ հնարավորություններ կան: «Այո, դիմելու եմ և համոզված եմ, որ ՀՀ կառավարությունն, ինչպես միշտ, ապագայում ևս աջակցելու է Արցախի իշխանություններին»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

 

 

  • Կիսվել: