հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքային պայմանների բարելավման համար 123 մլն դրամ հատկացվեց

«Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքային պայմանների բարելավման համար 123 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 123 մլն դրամ հատկացնել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով:

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ–ի ադմինիստրատիվ կազմի համար նախատեսված գրասենյակային հատվածի հիմնանորոգումից հետո առկա է նաև ՊՈԱԿ–ի ստեղծագործական անձնակազմի համար նախատեսված հին և անմխիթար վիճակում գտնվող փորձասենյակների հիմնանորոգման, ինչպես նաև նոր փորձասենյակներով համերգասրահը համալրելու անհրաժեշտությունը։

Նշված հատվածում նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում հանդես գալու կամերային, նոր ֆորմատի համերգային և կրթական ծրագրերով, թեմատիկ զրույցներով և այլն։ Համերգասրահի աջ կողմում գտնվող աստիճանավանդակը նույնպես ունի նորոգման կարիք։

Նախատեսվում է նաև նորոգել համերգասրահի ստորգետնյա այն հատվածը, որտեղ իր գործունեությունն է ծավալում «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի «Բարեկամություն» անսամբլը։ Այդ տարածքում անհրաժեշտություն կա փորձասենյակների, հանդերձարանների և սանհանգույցների նորոգման, ինչպես նաև տարածքը նոր ընդարձակ հանդերձարաններով համալրման:

Համալիր այս աշխատանքների շրջանակներում նախատեսվում է նորոգել նաև համերգասրահի 1-ին և 2-րդ հարկերի ճեմասրահները, ինչպես նաև դահլիճում կատարել թատերահարթակի և պարտերի ընթացիկ նորոգման և ամֆիթատրոնի, թատերահարթակի, աջ ու ձախ օթյակների բազրիքների փափուկ հատվածների նորոգման, բեմի դիմային հատվածի հիմնանորոգման և կողային հատվածների երեսպատման աշխատանքներ։

Որոշման ընդունման արդյունքում կբարելավվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքային պայմանները։

  • Կիսվել: