Առաջին երեք եռամսյակների տվյալներով 1,5 տոկոս տնտեսական անկում կա գյուղատնտեսության մեջ․ Քերոբյան
Ֆինանսների նախարարությունն իր հաշվարկներն անելիս փորձում է լինել հնարավորինս խոհեմ և դիտարկել հնարավորինս ռեալիստական և մի քիչ էլ հոռետեսական սցենարները։ Եկեք սպասենք տարվա վերջին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ֆինանսների նախախար Տիգրան Խաչատրյանի հայտարարությանը, որ, հավանաբար, 6,5 տոկոս տնտեսական աճ չի լինի, կլինի մինչև 6 տոկոս։
Հարցին՝ Էկոնոմիկայի նախարարությունը չի՞ փորձում խոհեմ լինել, թե՞ ավելի ռոմանտիկ պատկերացումներ ունի, նախարարն արձագանքեց․ «Ես կասեի՝ լավատես․ ռեալիստ՝ դեպի լավատես»,-ասաց նա։
Հարցին՝ եթե Խաչատրյանի ասածը ճիշտ լինի, և տնտեսական աճ չլինի, Քերոբյանը հրաժարական կտա՞, վերջինս պատասխանեց․ «Ես արդեն 10 անգամ պատասխանել եմ այդ հարցին»։
Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Քերոբյանը հայտնեց, որ առաջին երեք եռամսյակների տվյալներով 1,5 տոկոս տնտեսական անկում կա գյուղատնտեսության մեջ։
Հարցին՝ Սյունիքում ներդրումների հետաքրքրություն կա, Քերոբյանը դրական պատասխան տվեց՝ հայտնելով, որ Կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ծրագիր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական բավականին խոշոր ընկերությունների խմբի կողմից ներդրումներ կատարելու մասին։
Անդրադառնալով այն հարցին, թե հայրենասեր հայը կարո՞ղ է ասել, որ հայկական ճանապարհները Ադրբեջանին են պատկանում, Քերոբյանը հարցրեց՝ կասկածելի՞ է իր հայրենասիրութունը՝ նշելով, թե 1 տարի առաջ եղել է Հադրութում, ապա հայտարարեց․ «Գոյություն ունեն քարտեզներ, դրանցում գոյություն ունեն սահմաններ, և առաջիկա դելիմիտացիան ու դեմարկացիան տեղի են ունենալու այն քարտեզների հիման վրա, որոնք գործել են, օրինակ, 1988-ին»։
Հարցին՝ այդ քարտեզներով չկա՞ Ադրբեջանի տարածք, որը մեզ է պատկանում, և մենք էլ կարող ենք իրենց ճանապարհները փակել, Քերոբյանն արձագանքեց, թե դրանք հարցեր են, որոնք կլուծեն մասնագետները՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ընթացքում։
Դիտարկմանը՝ այդ դեպքում ադրբեջանցիներն ինչո՞ւ են մինչև դելիմիտացիա ու դեմարկացիա անելը փակում մեր ճանապարհները, մենք՝ ոչ, Քերոբյանն արձագանքեց․ «Երևի վերսկսենք պատերա՞զմ»։