երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առաջարկվում է Կառավարությանը հնարավորություն ընձեռել 2023-ի պետբյուջեի շրջանակում իրականացնել ևս 3% վերաբաշխումներ

Առաջարկվում է Կառավարությանը հնարավորություն ընձեռել 2023-ի պետբյուջեի շրջանակում իրականացնել ևս 3% վերաբաշխումներ

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական բյուջեի կատարման ընթացքում Կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև՝ դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):

Ինչպես գիտենք, 2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ավելի քան հարյուր հազար քաղաքացի: Մինչ այդ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ի մեր բազմաթիվ հայրենակիցներ մնացել էին Հայաստանում՝ հնարավորություն չունենալով վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը:

Վերջիններիս սոցիալական և ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով իրականացվել և շարունակվելու են իրականացվել մեծածավալ բյուջետային հատկացումներ, որոնք 2023-ի պետբյուջեով նախապես պլանավորված չեն եղել: Այդ հատկացումների ֆինանսավորման նպատակով բյուջետային տարվա ընթացքում իրականացվել են և մինչև տարվա վերջ կարիք կլինի իրականացնել ծախսային վերաբաշխումներ գործող բյուջետային ծրագրերի և միջոցառումների միջև»,- ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

Արդյունքում մինչև տարեվերջ իրականացվող ծախսային վերաբաշխումների ծավալները կգերազանցեն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանը տրված լիազորությունների շրջանակներում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի վերաբաշխումների սահմանաչափը:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում՝ թույլատրելով Կառավարությանը 2023 թվականի պետական բյուջեի օրենքով սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 6 տոկոսի սահմաններում վերաբաշխել նույն օրենքում սահմանված ծրագրերի և միջոցառումների միջև՝ դրանց գծով նույն օրենքով հաստատված հատկացումների գումարները:

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքով հաստատված 2,591 մլրդ դրամ ընդհանուր ծախսերի վերաբաշխման թույլատրելի 3% սահմանաչափը կազմում է շուրջ 78 մլրդ դրամ: 2023 թ. նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության որոշումներով և ծանուցագրերով վերաբաշխված գումարը կազմում է 74 մլրդ դրամ, ինչը արդեն իսկ կազմում է 2023 թ. պետական բյուջեի ծախսերի շուրջ 2.85 %-ը:

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ ՀՀ կառավարությանը հնարավորություն կընձեռվի 2023 թ. պետական բյուջեի շրջանակներում իրականացնել ևս 3% (77.7 մլրդ դրամ) վերաբաշխումներ: Ներկա պահին գնահատված 145.3 մլրդ դրամ ֆինանսավորման պահանջի մեջ ներառված են նաև պաշտպանության ոլորտի գծով կարիքները, վերջինիս գծով վերաբաշխումները, 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, վերաբաշխումներում չեն հաշվառվում:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ֆինանսների նախարարի տեղակալին՝ հետաքրքրվելով՝ ինչու է հաշվարկի հիմքում դրվել 6 տոկոսը, ինչին ի պատասխան Սիրունյանը նշեց՝ հաշվարկները կատարվել են՝ հաշվի առնելով մինչև տարեվերջ մեր կարիքները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հորդորեց 3-ժամյա քննարկումից հետո հիմքեր ներկայացնել, թե վերաբաշխումը ինչ ծրագրերի շրջանակում է տեղի ունենալու:

Իր հերթին, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց Սիրունյանին՝ խնդրելով մանրամասներ, թե վերաբաշխվող գումարի որքան մասն է ուղղվելու ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվող ծրագրերի իրականացմանը:

«Այս պահի դրությամբ մենք գրեթե 20 միլիարդ դրամից ավելի տրամադրել ենք ԼՂ-ից մեր հայրենակիցներին աջակցության տեսքով, ինչը մոտավորապես 1 տոկոս և ավելին է բյուջետային ծախսերի թույլատրելի սահմանաքանակների մեջ, և դրանից ավելի քանակությամբ նախատեսվում է մինչև տարեվերջ հատկացումներ կատարել»,- մանրամասնեց ֆինանսների նախարարի տեղակալը:

  • Կիսվել: