ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի․ Տիգրան Խաչատրյան

Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի․ Տիգրան Խաչատրյան

«2023 թվականի բյուջեն  ՀՀ կառավարության 2021-26 թթ-ի գործունեության ծրագրի երկրորդ ամբողջական տարվա բյուջեն է։ Նախագծի հաստատմամբ ֆինանսավորում կապահովվի այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնց իրականացումը կարձանագրի առաջնթաց կառավարության սահմանած ծրագրի նպատակների ուղղությամբ»,- ԱԺ-ում այսօր 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

«Առանցքում շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման , մարդկային կապիտալի զարգացման և ՀՀ քաղաքացիների սոցիալական  պաշտպանվածության ամրապնդումը ՝ կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ»,- նշեց Խաչատրյանը ։ 

«Արագ տնտեսական զարգացումը այլընտրանք չունի․  ԱԺ-ին ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին։ Հարկային եկամուտների ավելացումը, ծախսային ծրագրերի նպատակայնության բարձրացումը , բյուջեի ֆինանսավորման նպատակով նոր փոխառու միջոցների  ներգրավման և առկա պարտքի կառավարման  արդյունավետության բարձրացումը հարկաբյուջետային քաղաքականության այն հիմնական  ուղղություններն են, որոնք պետք է միտված լինեն  մասնավոր հատվածի արագ զարգացմանը և  ձևավորեն դրան նպաստող մակրոտնտեսական միջավայր»,- իր ելույթում ընդգծեց նախարարը։

Ըստ նրա՝ 2023 թ-ի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային մարտահրավերների դժվարին պայմաններում․ «Վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար  և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում։ Նշված պայմանները բացասական են ազդել մեր տնտեսական միջավայրի վրա և բարձրացրել  մակրոտնտեսական ռիսկերը»։ 

Խաչատրյանի խոսքով, սակայն, այս նման ռիսկային և ոչ բարենպաստ պայմաններում հաջողվել է արձանագրել տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ։ Այս տարվա տնտեսական ակտիվությունը գերազանցել է տարեսկզբից քննարկված  բոլոր սպասումները։ 2022թ-ի 9 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է  14,1 տոկոսով , ինչի արդյունքում պետական բյուջեում սկզբնապես սամանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է»,- Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ սա հնարավորություն է տվել լրացուցիչ  ֆինանսական միջոցներ հատկացել անվտանգային, տնտեսական, սոցիալական ոլորտներին։ 

  • Կիսվել: