հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ապրիլ ամսից նախատեսվում է սկսել Վարդենիսի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքները. ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գեղարքունիքում էր

Ապրիլ ամսից նախատեսվում է սկսել Վարդենիսի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքները. ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գեղարքունիքում էր

 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ մի շարք կարեւոր հարցեր քննարկելու եւ մարզի բուժհաստատություններում տեխնիկական վերազինումների եւ շինարարական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, այցի ընթացքում նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը եւ պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կազմակերպված ընդունելությանը մասնակցել են Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սեւանի բժշկական կենտրոնների, Ճամբարակի առողջության կենտրոնի եւ Մարտունու ծննդատան տնօրենները։

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է  հայտնել  նախարար Անահիտ Ավանեսյանին՝ սեպտեմբերի 13-14-ի թշնամու ագրեսիայի հետեւանքով մարզին հասցված վնասների վերականգնմանն աջակցելու, ինչպես նաեւ՝ նախորդ տարվա ընթացքում նախարարության հետ համատեղ մարզի առողջապահական համակարգում տարբեր ծրագրերի իրականացման եւ այս տարվա ընթացքում  նախատեսվող ներդրումների համար։

Նշված ծրագրերը ներառում են Մարտունու բժշկական կենտրոնի շենքի շինարարական աշխատանքների ավարտը, Գավառի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի հարցը, Վարդենիսի բժշկական կենտրոնի շենքի վերակառուցումը, Լճափ, Դպրաբակ եւ Ծակքար բնակավայրերում բուժամբուլատորիաների կառուցումը, ՀՀ կառավարության աջակցությամբ անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում մարզի բժշկական, առողջապահական կենտրոնները եւ Մարտունու ծննդատունը, ինչպես նաեւ մի շարք առողջության առաջնային պահպանման կենտրոնները անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրելը։

Քննարկվել են նաեւ մարզի բժշկամանկաբարձական կետերի տարածքների հասցեականության ձեռքբերման,  դրանց շուտափույթ վերանորոգման եւ վերազինման ծրագրի իրականացման, մարզի բուժհիմնարկները նեղ մասնագետներով համալրելու, բուժհիմնարկներում ծառայությունների դիմաց վճարումները անկանխիկ եղանակով տրամադրելու և ոլորտին առնչվող մասնագիտական բնույթի այլ հարցեր։

Առողջապահության նախարարն  իր հերթին կարեւորել է նման հանդիպումները, քանզի դրանց ընթացքում ավելի հստակեցվում են առկա խնդիրներն ու պլանավորվում առաջիկա անելիքները։

Անահիտ Ավանեսյանի  տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով 2023 թվականի ապրիլ ամսից նախատեսում է սկսել Վարդենիսի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները, այս պահին աշխատանքներ են իրականացվում Մարտունու բժշկական կենտրոնի գույքի եւ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, մարզի բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման եւ արդիականացման, նոր ծառայությունների ներդրման ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համագործակցված աշխատանք տանել պետական առողջապահական գործակալության հետ, որպեսզի մարզի բուժհիմնարկներում առկա խնդիրները կարգավորվեն սեղմ ժամկետներում։

  • Կիսվել: