կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ապամոնտաժված բենզալցակայանների մեծ մասում նախագիծ, շինթույլտվություն չի եղել. առանց օֆ» անելու աշխատել են. Փաշինյան

Ապամոնտաժված բենզալցակայանների մեծ մասում նախագիծ, շինթույլտվություն չի եղել. առանց օֆ» անելու աշխատել են. Փաշինյան

Տեղում ստուգումների արդյունքում 208 բենզալցակայանի գործունեություն դադարեցվել է, որից 54-ն առհասարակ ապամոնտաժվել է: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

«Կարող է երկար ժամանակ չշահագործեն եւ այդպես տեւական ժամանակ մնա բենմզալցակայանը՝ շարունակելով մնալ արտադրական վտանգավոր օբյեկտ: Մենք հիմա ասում ենք՝ եթե չես շահագործելու, կորսերվացրու: Եթե չես կոնսերվացնում, վարչական վարույթ է հարուցվելու, ապա նաեւ պետությունը կկոնսերվացնի այն, հետո հայցով կպահանջի այդ գումարը»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Բենզալցակայանների ապամոնտաժման պատմությունն էլ է հետաքրքիր, որովհետև դրանք այն դեպքերն էին, երբ այդ բենզալցակայանի գոյության համար ոչ մի իրավական հիմնավորում չկար: Այդ ապամոնտաժված բենզալցակայանների մեծ մասի դեպքում ո՛չ թույլտվություն, ո՛չ նախագիծ չի եղել, ուղղակի բենզալակայան է գոյացել ու այս տարիներին առանց «օֆ» անելու աշխատել են: Ու շատերն այսօր էլ կան, այնպես չէ, որ բոլորը հայտնաբերել ենք: Պետք է հետևողական լինենք, որովհետև տնտեսական մրցակցության հարց էլ կա: Մեկը ծախս է արել, նախագիծ, թույլտվություն և այլն, այն մյուսը ոչինչ չի արել», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ հանրության շրջանում հաճախ են քննարկվում օրենքի տարբեր դրույթների՝ չգործելու պարագայում դրանք չեղյալ հայտարարելու հարցերը:

«Մեր իրականության մեջ շատ է քննարկվում շահարկվում մի հանգամանք. ասում են՝ այ օրենքով այդպես է, բայց իրականության մեջ երևույթը շարունակում է գոյություն ունենալ: Փորձ է արվում հիմնավորել, որ կամ օրենքի այդ դրույթն այդքան էլ նպատակահարմար չէ: Ես դրան ի պատասխան միշտ բերում եմ հետևյալ օրինակը, որ երկրում հաստատված երթևեկության կանոններ կան, բայց ամեն օր այդ կանոնները խախտվում են, գնանք չեղարկենք այդ կանոնները: Բերվում է նաև բացօթյա սրճարաններում ծխելու օրինակը, ասում են՝ օրենքն ընդունեցին, մարդիկ ծխում են, երևի այդքան էլ լավ օրենք չի, եկեք չեղյալ համարենք: Ես էլ ասում եմ Քրեական օրենսգիրք կա երկրում, բայց ամեն օր մարդիկ գողություն են անում»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ պետք է հետևողական լինել մշակած քաղաքականությունների իրագործման հարցում:

«Հակածխախոտային օրենքի հիմնական նպատակը ծխողի համար դիսկոմֆորտ ստեղծելն է: Մարդը, եթե նույնիսկ ծխում է բացօթյա սրճարանում, գիտի, որ կարող է գան իրեն բռնեն, տուգանեն»,- ասաց նա:

  • Կիսվել: