երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք. Անահիտ Ավանեսյան

Ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք. Անահիտ Ավանեսյան

Ապահովագրավճարը հաշվարկվելու է ոչ թե մարդու եկամուտներից տոկոսի կամ որևէ արժեքի ձևով, այլ ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրմանը:

Նախարարը տեղեկացրեց, որ լինելու է մեկ տիպի ապահովագրական փաթեթ, որում ներառված է լինելու հիմնական ծառայությունների ողջ սպեկտրը:

«Մեր գնահատականներով՝ այս ծառայությունների փաթեթը բավական ընդգրկուն է և հիմնված է Հայաստանում հիվանդացության հիմնական բեռը կազմող հիվանդությունները հասցեագրելու վրա, բայց պետութունն այս ապահովագրավճարից իրականացնելու է տարբեր չափերի համաֆինանսավորումներ. դա արդեն կախված է լինելու մարդու եկամուտներից, որովհետև Հայաստանը, լինելով սոցիալական պետություն, խոցելի խավերի առողջական, կրթական և այլ անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար միանշանակ ունենում է իր մասնակցությունը»,- ասաց նախարարը:

Ավանեսյանը հայտնեց, որ լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների վրա, և քաղաքացին վճարելու է այդ ամսական վճարները:

  • Կիսվել: