շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապահովագրական համակարգն է հենց այն լուծումը, որ անձը կարիքի դեպքում չհայտնվի աղետալի ծախսերի առջև. Ավանեսյան

Ապահովագրական համակարգն է հենց այն լուծումը, որ անձը կարիքի դեպքում չհայտնվի աղետալի ծախսերի առջև. Ավանեսյան

Սրտի կամ ուղեղային կաթվածի դեպքում պետությունը բազմապատկել է առաջին օգնության մասով իր աջակցության չափը: Ժամանակին պրակտիկա կար, երբ կյանքին սպառնացող վտանգ կար, բայց մինչև գումարը չէր գանձվում, բուժառուին օգնություն չէր ցուցաբերվում: Լինում էին նաև դեպքեր, երբ անձը դիմում էր, բայց պարզվում էր՝ պետպատվերը սպառված է: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին խնդրեց հավաստիացնել, որ նման դեպքեր այլևս չեն լինում:

Ավանեսյանը նախ ընդգծեց, որ այժմ գործում է հերթագրման համակարգ, ինչ վերաբերում է անհետաձգելի բուժօգնությանը, ապա դա տրամադրվում է այն պահին, երբ անձը դրա կարիքը ունի: Պետությունը մշտապես այս տողով փոխհատուցումներ է իրականացնում բուժկենտրոններին:

«Մենք այս տարի վերանայել ենք նաև անհետաձգելի բժշկական օգնության մեջ վերակենդանացման ծառայությունների գները, ինչը նպաստել է, որ մեր քաղաքացիներն ավելի որակյալ ու պատշաճ ծառայություններից կարողանան օգտվել:

Անհետաձգելի, կյանքին վտանգ սպառնացող դեպքերի մասով, այո՛, վիճակի կայունացման հատվածով պետությունն իր ծրագրերի շրջանակներում հոգում է, բայց մենք դեռ պետական պատվերով, ցավոք սրտի, բոլոր մեր խավերին չենք փակում, և ապահովագրական համակարգն է հենց այն լուծումը, որ անձը կարիքի դեպքում չհայտնվի աղետալի ծախսերի առջև, և կանխավճարային սկզբունքով, փոքր մասհանումների շնորհիվ ստանա միլիոնավոր դրամներ արժեցող բժշկական օգնությունը հենց այն ժամանակ և հենց այն ծավալով, երբ դա անհրաժեշտ է:

Կարծում եմ՝ հարցի լուծումը հենց ապահովագրական համակարգի ներդրումն է, որը մենք պետք է բարեհաջող իրականացնենք հաջորդ տարվանից»,- ասաց նախարարը:

Հակոբ Արշակյանը հաստատեց՝ համապարփակ ապահովագրության ներդրման հարցը քաղաքացիների կյանքի որակի վրա կտրուկ ազդող մեխանիզմ է. «Արդեն իսկ աշխատանքային կարգով շրջանառվել է փաթեթը, միանշանակ պիտի հնարավորինս արագ շարժվենք և ընդունենք նման համակարգն ունենալու ամբողջ օրենսդրական փաթեթները»:

  • Կիսվել: