երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն այս տարվա հուլիսին աճել են

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն այս տարվա հուլիսին աճել են

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն այս տարվա հուլիսին աճել են։ Հուլիսին հունիսի համեմատ նաև անշարժ գույքի շուկայում գների աճ է արձանագրվել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքներն այս տարվա հուլիսին կազմել են 17 507, նախորդ տարվա հուլիսի 16 248-ի փոխարեն։

Առքուվաճառքի գործարքների աճ է արձանագրվել և հունիսի և նախորդ տարվա հուլիսի համեմատ։ Եթե նախորդ տարվա հուլիսին իրականացվել էր 4 782 գործարք, այս տարվա հունիսին՝ 4 905, ապա հուլիսին իրականացվել է 4 980 առուվաճառքի գործարք։ Բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքներն այս տարվա հուլիսին կազմել են 1 523՝ նախորդ տարվա հուլիսի 1 235-ի համեմատ։ Աճ է արձանագրվել նաև այս տարվա հունիսի գործարքների նկատմամբ․ հունիսին կատարվել էր 1 369 գործարք։

Երևանում այս տարվա հուլիսին գործարքները կազմել են 1 077՝ նախորդ տարվա հուլիսի 820-ի փոխարեն։ Չնայած գործարքների աճին, նախորդ տարվա հուլիսի համեմատ այս տարվա հուլիսին Երևանի կենտրոնում անշարժ գույքի գներն ավելի ցածր են եղել։ Եթե կենտրոնում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները նախորդ տարվա հուլիսին կազմում էին մեկ քմ-ն 645 000 դրամ, ապա այս տարվա հուլիսին, կազմել են 625 100 դրամ։ Այս տարվա հունիսի ամսվա համեմատ հուլիսին Երևանի բոլոր վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները աճել են։

Օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանում մեկ քմ շուկայական միջին արժեքը հուլիսին կազմել է 455 000 դրամ՝ հունիսի 450 200-ի փոխարեն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հուլիսին 322 200 դրամ՝ հունիսի 321 000 դրամի փոխարեն, Դավիթաշեն վարչական շրջանում՝ հուլիսին 323 500 հազար դրամ՝ հունիսի 321 100 դրամի փախարեն։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի առաջին գոտում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները հուլիսին կազմել են 764 200 դրամ՝ հունիսի 761 200 դրամի փոխարեն։

Մարզերից Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում բնակարանների միջին շուկայական գները նախորդ տարվա հուլիսի համեմատ այս տարվա հուլիսին նվազել են։ Անշարժ գույքի նկատմամբ իրականացված վարձակալության գործարքները հուլիսին նվազել են և նախորդ տարվա հուլիսի և այս տարվա հունիսի համեմատ։ Այս տարվա հուլիսին իրականացվել է վարձակալության 905 գործարք՝ հունիսի 1 137-ի և նախորդ տարվա հուլիսի 1 027-ի փոխարեն։

  • Կիսվել: