հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անկեղծ էլի ժողովուրդ, մարտի վերջին քանի՞ հոգի է մեր երկրում նազրվան վարունգ ուտում. ՏՄՊՊՀ նախագահ

Անկեղծ էլի ժողովուրդ, մարտի վերջին քանի՞ հոգի է մեր երկրում նազրվան վարունգ ուտում. ՏՄՊՊՀ նախագահ

Ներմուծողները իմբիրի գինը չեն թանկացրել, սուպերմարկետը թանկով առել, թանկով ծախել է, հիմա գնացել գտել ենք որտեղ է։ Այսօր ԱԺ-ում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Երբ անընդհատ շոշափվում է հանձնաժողովի անունը, օրինակ, Ծովագյուղում սուրճի ապարատի գնի թանկացման հետ կապված, որ չեն աշխատում, իմբիրի հետ կապված, որ, գիտեք, Մեյմանդարի շուկայում վրացին, որ իմբիրն առել էր, գինը թանկացավ, որ նկարում են մեր գործընկերները իտալական սորտի հատուկ լոլիկը և ասում են՝ 5000 դրամ է, այնինչ մենք 750 դրամով կողքը լոլիկ ունենք։ Մենք այնքան աշխատանք ենք արել այս ընթացքում, որ անկեղծ եմ ասում, երևի հանձնաժողովը վերջին 5 տարում այդքան աշխատանք չի արել: Չկա այդպիսի օր, որ մեր մոտ 12 ժամ աշխատողները նստած չլինեն»,- ասաց նա։

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ այս դեպքում մարդկանց մոտ տպավորություն է, որ համատարած ամեն ինչ թանկացել է, համատարած դեֆիցիտ է լինելու ու համատարած վատ է լինելու:

«Մենք ամեն օր տնտեսվարողներից տեղեկատվություն ենք ստանում, բայց կարող էին չտալ, նույնիսկ մարզպետարանների աշխատակիցների միջոցով ապրանքների գնի մոնիտորինգ ենք անում: Բայց երբ հացի թանկացման մասին եք ասում, մենք ասել էինք, որ ալյուրի գինը բարձրացել է, միգուցե հացը թանկանա: Բայց երբ խոսում են հացի կրկնակի թանկացման մասին, մինչդեռ հացը թանկացել էր ընդամենը 10-20 դրամով, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարտելային համաձայնության է կա հազարավոր հաց արտադրողների միջև, իսկ ՏՄՊՊՀ-ում ձեռները ծալած նստած են: Չի լինում այդպես»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ պատգամավորները երբեմն այնպիսի հարցերով են դիմում, որոնք ընդհանրապես կապ չունի Հանձնաժողովի աշխատանքների հետ։

Գեղամ Գևորգյանը կրկին անդրադարձավ սուպերմարկետներում վաճառվող կոճապղպեղի գնին. «Ներմուծողները գինը չեն թանկացրել, սուպերմարկետը թանկով առել, թանկով ծախել է, հիմա գնացել գտել ենք որտեղ է։ Մեկը 200 կիլոգրամ առած ընկերություն է, մեկը Մեյմանդարի շուկան։ Հիմա այդ մարդուն գտել ենք։ Հիմա, որ պարապ չմնանք, այս մարդուն ուզում ենք գտնել, որ ցիտորսային մրգերից է էլ առել, որ արհեստական դեֆիցիտի հիմքով տանենք մի բանով պատժենք, անկեղծ, որովհետև 2 ամիս ժամանակ եմ ծախսել, որ ես դա գտնեմ, բայց այդ Մեյմանդարի շուկայի մարդուն ես ի՞նչ անեմ։ Կամ, որ նկարում են 5000 դրամանոց պուճուր լոլիկը, որը ես ավելի քան վստահ եմ, որ դրանց 99 տոկոսը, երբեք դա չի կերել ու ցույց են տալիս կամ Նազրվան վարունգը, որը մարտ ամսին ամենապիկ գինն է, անկեղծ էլի ժողովուրդ, քանի՞ հոգի է մեր երկրում նազրվան վարունգ մարտի վերջին ուտում, դա անգամ սեզոնին չեն ուտում»։

Գեղամ Գևորգյանն ասաց՝  ընդունում է, որ այսօր մարդիկ գումարի խնդիր ունեն, տաքսու վարորդը, վարսավիրը չեն աշխատում, բայց երբ ամեն ձև փորձում են իրեն ցույց տալ, որ հանձնաժողովը չի աշխատում, դա անընդունելի է։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ նրան մխիթարեց. «Մենակ ձեզ չեն ասում, որ չեք աշխատում, մեզ բոլորիս էլ ասում են»:

  • Կիսվել: