շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անցկացվել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ․ որոշ ապրանքների մասով կա թանկացման միտում

Անցկացվել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ․ որոշ ապրանքների մասով կա թանկացման միտում

ՏՄՊՊՀ-ն անցկացրել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ. ոլորտում առկա է որոշ մրգերի և բանջարեղենի գնաճ, ինչը կապված է սեզոնի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Գյուղատնտեսական մթերքը հանդիսանում է գյուղացիական տնտեսության արտադրանք, և այդ ամենի հետ կապված հարցերը մեր հանձնաժողովի տիրույթում չեն, քանի որ ոլորտում չկա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա։ Չնայած այդ փաստին՝ հաշվի առնելով, որ հասարակության մի ստվար զանգվածի հետաքրքրում է գյուղմթերքի հետ կապված որոշ խնդիրներ՝ մենք մոնիտորինգ ենք անցկացրել։ Մենք ունենք տեղական խնձոր, կիվի, նարինջ, վարունգ, կարտոֆիլ, պղպեղ, մանդարին, լոլիկ և բանան։ Որոշ ապրանքների մասով կա թանկացման միտում, սակայն դա կապված է նաև սեզոնի հետ։ Մարտ ամիսը համարվում է գյուղատնտեսական ջերմոցային ապրանքի ամենաթանկ սեզոնը»,- նշեց Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ շուկաներում գյուղմթերքի գինը էականորեն ավելի ցածր է, քան խոշոր ցանցային սուպերմարկետներում։

Տեղական ապրանքներից խնձորի գինը նվազել է, ներմուծված ապրանքներից՝ ցիտրուսի գինը մի փոքր աճել է, սակայն, ինչպես ասաց ՏՄՊՊՀ նախագահը, վերջին երկու օրվա ընթացքում կիվիի և մանդարինի գները նվազել են։ Գևորգյանը նկատեց, որ քաղաքացիները դժգոհում են կոճապղպեղի գներից, սակայն դա էլ իրենց հանձնաժողովի տիրույթում չէ, և իրենք չեն կարող բոլոր նմանատիպ ապրանքների վերաբերյալ տեղեկություն տրամադրել։

  • Կիսվել: