կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ամունդի»-ի փորձագետը ներկայացրել է ֆինանսական ոլորտի համար արհեստական բանականության օգտակարությունն ու մարտահրավերները

«Ամունդի»-ի փորձագետը ներկայացրել է ֆինանսական ոլորտի համար արհեստական բանականության օգտակարությունն ու մարտահրավերները

Արհեստական բանականության գործիքների միջոցով ֆինանսական շուկայի մասնակիցները կարող են ստանալ ու վերլուծել մեծածավալ տեղեկատվություն, ինչը հնարավորություն է տալիս կանխատեսելի դարձնել ընկերությունների արդյունքները, շուկայում եղած միտումներն ու հնարավոր ռիսկերը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  այս մասին «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից Հայաստանում կազմակերպված «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովում ասաց «Ամունդի» ներդրումային ինստիտուտի ներդրողների գրագիտության և ակադեմիական համագործակցության բաժնի ղեկավար Մարի Բրիերը՝ անդրադառնալով ֆինանսական ոլորտում արհեստական բանականության օգտագործման հնարավորություններին և ինչպես կարող է այն օգնել ներդրումային որոշումների կայացմանը։

«Ընկերությունները, ներդրողները, մենք ավելի ու ավելի ենք պատրաստ  իրականացնել կայուն ռազմավարություն։ Դա կարող է լինել թե ազդեցության, թե ռիսկերի կառավարման տեսանկյունից, որի համար պետք է զինված լինենք ճիշտ տեղեկատվությամբ, որպեսզի կայացնենք հիմնավոր և տեղեկացված որոշումներ»,-նշեց Բրիերը՝ ներդրումային որոշումների կայացման ընթացքում  ընդգծելով արհեստական բանականության օգտակարությունը։

Նրա խոսքով՝   ներդրումային որոշումների կայացման հարցում օգտագործվում են  ESG (Environmental, social, and corporate governance) վարկանիշները, որտեղ սակայն տարիներ անց որոշակի բացեր են ի հայտ եկել։

Յուրաքանչյուր ռեյտինգային գործակալություն կատարում է սուբյեկտիվ ընտրություն՝ հաշվի առնելով այն, ինչ կարևոր է ընկերության համար և այդ ընտրությունները կարող են խիստ տարբեր լինել։

Ըստ փորձագետի՝ ընկերությունների մասին ավելի լայն պատկերացում կազմելու համար անհրաժեշտ են  ամբողջական տվյալներ, իսկ արհեստական բանականությունն այս առումով  կարող է միավորել եղած ամբողջ տեղեկատվությունը նրանց վերաբերյալ։ Բացի այդ, արհեստական բանականությունը տվյալներ է հավաքագրում իրական ժամանակում և օգտվում այլընտրանքային աղբյուրներից՝ արբանյակային պատկերներ, ձայնային տեղեկատվություն, տեքստ տվյալներ, խոսքի ճանաչման միջոցներ, որոնցով հնարավոր է չափել ընկերությունների գործնական վարքագիծը։

Բրիերը՝ կարևորեց նաև արհեստական բանականության օգտակարությունը ընկերությունների վերաբերյալ հակասությունների վերլուծության գործում։

«Արհեստական բանականության գործիքների միջոցով ֆինանսական շուկայի մասնակիցները կարող են ստանալ ու վերլուծել մեծածավալ տեղեկատվություն, ինչը հնարավորություն է տալիս կանխատեսելի դարձնել ընկերության արդյունքները, շուկայում եղած միտումներն ու հնարավոր ռիսկերը»,-ընդհանրացրեց փորձագետը։

«Ամունդի-Ակբա»-ի տնտեսական համաժողովի պանելային քննարկմանը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության առաջադրած մարտահրավերներին, դրական ու բացասական այլ կողմերին, որոնք կապված են տվյալների անվտանգության,աշխատուժին փոխարինելու մտահոգություններին և ֆինանսական ոլորտում ազդեցության տեսլականին։

Քննարկման համատեքստում՝ ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը նշեց, որ  ԿԲ  հիմնական գործառույթը գների կայունության ապահովումն է և կառույցի բոլոր որոշումները պայմանավորված են այս լիազորություններով։

Ըստ նրա՝ այդուհանդերձ նկատելի է, որ տեխնոլոգիան վերաձևավորում է տնտեսությունը։ Չնայած ՀՀ ԿԲ-ն նախաձեռնողականություն չի ցուցաբերում  և հետեւում է գործընթացներին, բայց միևնույն խրախուսում է բանկերին և այլ ֆինանսական ինստիտուտներին փորձարկելու նոր տեխնոլոգիաները։ ԿԲ ներկայացուցիչը կարևորեց արհեստական բանականության մարտահրավերներին պատրաստ լինելը, քանի որ ներկայում շատ խարդախություններ իրականացվում են հենց նման տեխնոլոգիաների միջոցով։

  • Կիսվել: