չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամուլսարի հարցի շուրջ քննարկումը միջազգային կառույցների տիրույթում կլինի

Ամուլսարի հարցի շուրջ քննարկումը միջազգային կառույցների տիրույթում կլինի

 Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն ստացել է հնէաբանական վկայագրերը, որը պատրաստվում են ուղարկել միջազգային կոնվենցիաներին:

Հանձնաժողովը փորձելու է այդ կերպ պարզել՝ արդյոք թույլատրելի է այս պայմաններում շահագործել Ամուլսարի հանքը, քանի որ ՀՀ-ն ժամանակին միջազգային կոնվենցիաներ է ստորագրել, որով նման պարագաներում արգելքներ կան, այսինքն, եթե կա հնէաբանական գտածո, ապա որեւէ իրավունք չկա այդտեղ հանք շահագործել: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ իրենք կուղարկեն ու կսպասեն պատասխանի. «Հիմա վկայագրերի թարգմանությունն ենք իրականացնում, առաջիկայում ամեն ինչ կհստակեցվի»:

Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նոր տեղեկություններ էր ներկայացրել հանձնաժողովի անդամներին: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ  «30 հազար քառակուսի մետրի վրա 470 հնագիտական գտածոներ կան, որից 81-ը բուն «Լիդիան»-ին հատկացված տարածքում է գտնվում:

Եվ «Լիդիան»-ը արդեն ստեղծել է 46-ի անվտանգության գոտիները, բայց 35-ի մասով ոչինչ արված չէ: Սակայն ամենակարեւորը վկայագրերն են, եւ դրանք պետք է ուղարկել ոչ միայն կառավարություն, այլեւ միջազգային կառույցներին: Մենք պահանջել ենք, որ դրանք տրամադրեն մեզ, եւ այն ուղարկենք միջազգային կառույցներին»:

Հիմա հանձնաժողովը պատրաստվում է դրանք ուղարկել միջազգային հարթություն, հարցին լուծում տալու համար:

  • Կիսվել: