երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ Կարնեգի Մելլոնի համալսարանի հետ մշակվում է ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման կենտրոնի ճանապարհային քարտեզը

ԱՄՆ Կարնեգի Մելլոնի համալսարանի հետ մշակվում է ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման կենտրոնի ճանապարհային քարտեզը

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ) ԱՄՆ Կարնեգի Մելլոն համալսարանի Ծրագրային ճարտարագիտության ինստիտուտի հետ համատեղ փետրվարի 1-ին իրականացրել է աշխատաժողով՝ «Հայաստանի համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային կենտրոնի (CERT/CSIRT) ճանապարհային քարտեզի մշակում» թեմայով։

Համակարգչային միջադեպերի արձագանքման կենտրենը (Computer Emergency Response Center, CSIRT) զբաղվում է իր գործունեության շրջանակում կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքմամբ։ Տարբեր երկրներում գործող CERT կենտրոնները ակտիվորեն համագործակցում են՝ փոխանակելով կիբեռ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ծանուցելով կիբեռանվտանգության խնդիրների մասին։

ՀՏՀԳ կողմից հիմնադրված AM-CERT-ի առաքելությունն է ուսումնասիրել և համակարգել կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքը Հայաստանի ազգային կրիտիկական ենթակառուցվածքների համար։ AM-CERT-ը միջազգայնորեն հավատարմագրված է և համագործակցում է միջազգային CERT կենտրոնների հետ։

Ծրագրային ճարտարագիտության ինստիտուտն աշխարհում առաջին CERT կենտրոններից մեկի հիմնադիրն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից։  Ինստիտուտի բազում ոլորտային ուսումնասիրություններից զատ, նպատակ ունի աշխատելով մասնավոր հատվածի հետ՝ նորարարություններ ներմուծել պետական սեկտորում:

Այս նախաձեռնության նպատակն է մշակել Հայաստանի համակարգչային միջադեպերի արձագանքման ազգային կենտրոնի համապարփակ ճանապարհային քարտեզ՝ հիմնվելով առանցքային շահառուների նպատակների և կարիքների վրա: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգության կենտրոնի հիմնադրմանը և գործարկմանն առնչվող հիմնահարցեր, այդ թվում՝ ներդրվող ընթացակարգերն ու տեխնոլոգիաները, ստեղծման նպատակները, ինչպես նաև ուրվագծվեց ազգային ճանապարհային քարտեզը:

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տեսլականը վստահության հիմքով թվային հասարակության և տնտեսության ձևավորումն է։ Գործակալության հիմնական նպատակներն են ՝ աջակցել Հայաստանի թվային հասարակության և տնտեսության ձևավորման ՀՀ կառավարության օրակարգին, աջակցել ՀՀ կառավարությանը թվային փոխակերպման միասնական սկզբունքների և կարգավորումների ներդրման գործում, ինչպես նաև տրամադրել գործիքներ և ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն Հայաստանում թվային նույնականացման, տվյալների կառավարման ու փոխգործելիության համակարգերի ներդրումը, ինչպես նաև կիբեռանվտանգային կարողությունների զարգացումը։

  • Կիսվել: