ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամիրյան, Սարյան, Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածը ճանաչվեց հանրային գերակա շահ. կկառուցվի բազմաբնականար շենք

Ամիրյան, Սարյան, Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածը ճանաչվեց հանրային գերակա շահ. կկառուցվի բազմաբնականար շենք

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով նախատեսվում է Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ. Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:

Միաժամանակ, Երևանի քաղաքապետը լիազորվել է Հայաստանի անունից «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊ ընկերության հետ կնքել այդ տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:

Նշենք, որ դեռեւս 2007-ին ՀՀ կառավարության որոշմամբ այդ տարածքը արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ` գերակա հանրային շահ և տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն, սակայն ավելի ուշ այդ ընկերությունը սնանկ էր ճանաչվել, իսկ քաղաքաշինական ծրագիրը մնացել է չիրականացված:

ՀՀ կառավարությունը արդեն 2017-ին հավանություն է տվել «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին:

Նշված արձանագրային որոշմամբ ներդրումային ծրագիրը նախատեսվել է իրականացնել 2 /երկու/ փուլով՝

1-ին փուլ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից 1278.07 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքում նախատեսվել է կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև  մոտ 955.69 քմ, հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի (այսուհետ` Թատրոն) նոր շենք,

2-րդ փուլով նախատեսվել է  Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում իրականացնել «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության չիրականացրած քաղաքաշինական ծրագիրը:

Ընկերությունը արդեն իսկ կատարել է առաջին փուլը եւ հիմա դիմել է ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար անհրաժեշտ գործառույթների իրականացման խնդրանքով՝ կցելով տարածքի կառուցապատման էսքիզը, համաձայն որի, հաշվի առնելով հարակից տարածքների արդեն իսկ խիտ կառուցապատված լինելու հանգամանքը, նախատեսվում է կառուցել մեկ բազմաբնակարան շենք և մեկ հասարակական նշանակության շինություն /երկու բազմաբնակարան շենքի փոխարեն/՝ ստորգետնյա միասնական հարկերով:

Հաշվի առնելով նշվածը՝ տարածքի հանրային գերակա շահ ճանաչվող օտարման գոտին առաջարկվում է սահմանել մոտ 4090 քմ: Բացի այդ Հայաստանի Հանրապետության կառավարության  2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 37-24 արձանագրության որոշման ընդունման պահին հողամասի 1քմ կադաստրային արժեք սահմանված է եղել 60.000 ՀՀ դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 330.000 ՀՀ դրամ, որը ևս լրացուցիչ ֆինանսական բեռ է ձեռքբերող կազմակերպության համար:

  • Կիսվել: