ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին է ներկայացրել ԼՂ-ում իրավիճակը

Նարեկ Մկրտչյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին է ներկայացրել ԼՂ-ում իրավիճակը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը, Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԿ ղեկավարին սերտ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ոլորտային բարեփոխումներին աջակցելու համար։ Նախարարի խոսքով՝ կազմակերպության հետ փոխգործակցությունը նպաստում է աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, սոցիալական գործընկերների համագործակցության ամրապնդմանը։
Համակարծիք լինելով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Գիլբերտ Հունգբոն վերահաստատել է պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտային համագործակցությանն ուղղված։

Վերջինս նախարարին ներկայացրել է նաև Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա ստեղծելու իր նախաձեռնությունը և առաջարկել, որ դրա մաս կազմի նաև Հայաստանը։ Զրուցակիցները քննարկել են տարեվերջին Հայաստանում ԱՄԿ տնօրենի մասնակցությամբ ոլորտային համաժողով անցկացնելու հնարավորությունը ևս։

Զրույցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը Գիլբերտ Հունգբոյին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ այս մասին նախարարն ավելի վաղ ԱՄԿ գործընկերոջը տեղեկացրել էր նաև պաշտոնական գրագրությամբ։

  • Կիսվել: