երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամանորի և «Սև ուրբաթի» զեղչերի ժամանակ 35 տնտեսվարող տուգանվել է 100 մլն դրամի չափով. Տիգրան Մարկոսյան

Ամանորի և «Սև ուրբաթի» զեղչերի ժամանակ 35 տնտեսվարող տուգանվել է 100 մլն դրամի չափով. Տիգրան Մարկոսյան

Փորձով է ապացուցված, որ ակցիաների, այդ թվում զեղչերի իրականացման ոլորտում ունենք բազում խնդիրներ: Այս մասին, այսօր «Սև ուրբաթ»-ին ընդառաջ զեղչերի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

«Նախ, գնային որեւէ փոփոխություն տեղի չէր ունենում՝ շատ դեպքերում գինը արհեստական բարձրացնելով: Իրազեկման տեսանկյունից որոշակի մոլորեցման դրսեւորումներ կան: Դեպքեր ունենք, երբ անունով զեղչ էր ներկայացվում, որը հայտնի է որպես կարճաժամկետ միջոցառում, բայց այն տեւում էր տարիներ:  Դեպքեր ունենք, երբ մարդը ընդհանրապես որեւէ թանկ գնով վաճառք չէր ունեցել, բայց հենց առաջին օրվանից ապրանքը սկսում էր իրացնել իր պատկերացրած գնով, որը մատուցվում էր որպես զեղչ: Նաեւ ունենք այլ տեսակի ակցիաներ, երբ ապրանքի իրացումը խթանելու նպատակով առաջարկվում էր փաթեթային որոշակի նվեր, բայց պարզվում էր, որ նվերի գինը եւս ներառվում է ապրանքի գնի մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք որոշել են ունենալ այս խնդիրների լուծման օրենսդրական կարգավորումներ:

Նրա խոսքով, սահմանվել է, որ զեղչի կիրառումը գնահատվում է ոչ թե զեղչի նախորդ օրվա գնի համեմատ, այլ նախորդող մեկ ամսվա միջին գնի համեմատ. «Հաջորդն այն է, որ վաճառքի գնից պետք է տեսանելի լինի ոչ թե մտքում պահած կամ բարձրացրած գինը, այլ միջին գինը: Այսինքն սպառողի համար երկրորդ ջնջված գինը պետք է լինի այդ հաշվարկած միջին գինը: Հաջորդը, զեղչը կարող է տեւել ոչ ավել, քան երեք ամիս:

Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտը զեղչի մասին իրազեկման համար պարտավոր է ներկայացնել, թե ինչ տեսակի ակցիա է իրականացնում, դա ինչ ապրանքների շրջանակի է վերաբերում, պետք է նի ժամկետները ակցիայի, նաեւ պետք է նշվի պայմանները: Ոչ թե գնաք խանութ, պարզվի, որ պետք է X քանակի գնում անեք, նոր ձեզ համար զեղչ կիրառվի:

Նաեւ չպետք է լինի, օրինակ, 70 տոկոս զեղչ արտահայտությունը գրված լինի շատ մեծ, բայց կողքը «մինչեւ» բառը գրված լինի շատ փոքր: Շատ կարեւոր է, որ եթե գործ ունենք միջակայքային զեղչի հետ, ապա դա վերաբերելի լինի ապրանքների առնվազն 1/5-ին: ՈԵրովհետեւ կարող եք տեսնել շատ բարձր տոկոսով զեղչի մասին հայտարարություն, գնաք տեսնեք, որ դա վերաբերում է միայն1-2 փոքրարժեք գույքի»,- ընդգծեց Մարկոսյանը:

Նա ընդգծեց, որ օրենքով սահմանված պահանջները խախտելու դեպքում տնտեսվարողը կարող է տուգանվել նախորդ տարվա հասույթի 5%-ի չափով. որը որոշ դեպքերում մեծ գումար է կազմում:

«Մենք մեծ ծավալի միջոցառումներ ենք իրականացրել՝ ավելի քան 80 ակցիաներ են դիտարկվել, որոնց շրջանակում շուրջ  35 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վարույթներ են հարուցվել և հանձնաժողովը կիրառել է շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք»,-հայտնեց Մարկոսյանը և տեղեկացրեց, որ դրանք եղել են նախորդ Ամանօրին և «Սև ուրբաթի» օրը, իսկ տուգանված տնտեսվարողներից շատերը  հայտնել են, որ տեղյակ չեն եղել օրենքից և խնդրել են արագացված վարույթ իրականացնել՝ ընդունելով մեղքը:

Նա հայտարարեց, որ Հանձնաժողովը դիտարկելու է նաև առաջիկա «Սև ուրբաթի» զեղչերը:

  • Կիսվել: