հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ալկոգելը բարձր գնով վաճառելու համար ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել

Ալկոգելը բարձր գնով վաճառելու համար ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին տարբեր ապրանքների գների բարձրացման հետ կապված դիտարկումներին:

Մասնավորապես, սպիրտի գնի բարձրացման հետ կապված, նա նշեց, որ դա շուկայում նկատվում է հունվարի 1-ից և ամենևին կապ չունի կորոնավիրուսի տարածման հետ:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ սպիրտի գնի բարձրացումը ԵԱՏՄ պարտավորություն է: Հարկային օրենսգիրքը հստակ սահմանում է այդ ապրանքի վաճառքի նվազագույն շեմը, այսինքն՝ այն, որ նշվում էր, թե մի քանի օր առաջ 300 դրամով էր վաճառվել, հիմա 3000 և ավելի դրամ է դարձել, դա չէր կարող համատարած բնույթ կրել. «Տնտեսավարողն իրավունք չուներ 300 դրամով վաճառել, դա կլիներ խախտում»։

Նա նաև չբացառեց, որ որոշ տնտեսավարողներ կարող են օգտվել իրավիճակից, և ԵԱՏՄ պարտավորությամբ պայմանավորված բարձրացված գնի շեմից ավելի թանկացնել սպիրտը, այդ դեպքում պատասխանատուները հորդորում են հստակ հասցեով դիմել իրենց, որպեսզի շուտ կարողանան հայտնաբերել:

Գեղամ Գևորգյանը նշեց՝ թե Երևանում, թե մարզերում հետևում են գներին: Նա վստահեցրեց, որ խախտումների հետ կապված գործերի նյութերը հավաքագրում են, օրենքը խախտողները պատասխանատվության են ենթարկվելու:

«Մենք արդեն երկու վարույթ հարուցել ենք ալկոգելի հետ կապված: Փորձ է արվել ինտերնետով բարձր գնով վաճառել: Եթե կլինեն նույնիսկ առանձին անհատներ, որոնք կփորձեն օգտվել իրավիճակից, տարբեր կայքերով թանկ վաճառել ապրանքը, ապա նյութերը կուղարկվեն համապատասխան կառույցներին: Հայաստանում ունենք ալկոգել արտադրող 3 խոշոր ընկերություններ, որոնց հետ ամենօրյա կապի մեջ ենք, վստահեցնում եմ, որ իրենց կողմից գնի բարձրացում չի եղել»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է դիմակների թանկացմանը, Գեղամ Գևորգյանն ասաց, որ համաշխարհային շուկայում դիմակների գները բարձրացել են, սակայն Չինաստանից արդեն սկսել են գնային առաջարկներ անել: Մարտի 16-ի դրությամբ Չինաստանից Հայաստանին 84 դրամով մեծածախի առաջարկ է եղել:

  • Կիսվել: