ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Աջակցության տրամադրմամբ ակնկալվում է ՀՀ-ից արտահանել 7 մլն լիտր կոնյակի սպիրտ՝ տեղ ազատելով խաղողի մթերման համար

Աջակցության տրամադրմամբ ակնկալվում է ՀՀ-ից արտահանել 7 մլն լիտր կոնյակի սպիրտ՝ տեղ ազատելով խաղողի մթերման համար

Կառավարությունը նախատեսում է 2024 թվականին ևս Հայաստանից կոնյակի սպիրտի արտահանման համար տնտեսավարողներին աջակցություն տրամադրել։ 100 հազար լիտրը գերազանցելու դեպքում արտահանվող յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի դիմաց պետական տուրքի՝ 100 դրամի չափով աջակցությունը կշարունակի գործել, սակայն, միայն բարձրորակ կոնյակի սպիրտի համար: Այս աջակցությունը նպատակ ունի մեղմել տնտեսավարողների մոտ կուտակված շուրջ 30 մլն լիտր կոնյակի սպիրտի իրացման խնդիրն ու խաղողի մթերման կազմակերպման համար պայմաններ ապահովել, այսպես ասած՝ խաղողի մթերման համար տեղ ազատել:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը:

Հայաստանում կոնյակի սպիրտի արտադրությունը և մինչև 100 000 լիտրի իրացումը ծանուցման ենթակա գործունեություն է: Այս գործունեության համար տարեկան պետական տուրքը 10 մլն դրամ է: 100 000 լիտրը գերազանցող յուրաքանչյուր լիտրի համար լրացուցիչ 100 դրամ պետական տուրք է նախատեսված:  

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան տուրքի վերադարձի աջակցությունը պայմանավորեց տեղական արտադրողին, արտահանողին խրախուսելու ցանկությամբ, որ կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողը գնային առումով ավելի մրցունակ լինի:  

Արտոնության տրամադրման անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Պետությունն այս աջակցությունը սկսել է տրամադրել 2020-ի սեպտեմբերից: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ հատկապես գինեգործական արտադրանքի արտահանման հարցում լուրջ խնդիրներ են եղել: «Արտադրողների մոտ կուտակված շատ մնացորդներ գոյացան: Բացի այդ՝ դրան գումարվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, Լարսի անցակետի խնդիրը: Լրացուցիչ խոչընդոտներով պայմանավորված՝ մենք չհասանք մեր ուզած չափաբաժնին: Մեր նպատակն էր մի քանի տարի օգնել, որ կուտակված մնացորդները մաքրվեին և խաղողի մթերման համար պահանջարկը մեծանար»,-ասաց Ղազարյանը:

2019 թվականին կոնյակի սպիրտի արտահանումը կազմել է 14.5 մլն լիտր: 2020-2022թթ Հայաստանից արտահանվել է շուրջ 17 մլն լիտր կոնյակի սպիրտ: 2023 թվականին աջակցության տրամադրման պայմաններում արտահանման ծավալները զգալիորեն ավելացել են: 2023 թվականին Հայաստանից արտահանվել է 12.4 մլն լիտր կոնյակի սպիրտ: «Բայց, եթե այս թվերը համադրում ենք մթերված խաղողի քանակի և արտադրված կոնյակի սպիրտի հետ և, նկատի ունենալով, որ կոնյակի սպիրտ վաճառքի ենթակա է առնվազն 3 տարի հնեցումից հետո, ստացվում է, որ մեր տնտեսավարողների մոտ կուտակված դեռ շուրջ 30 մլն լիտր սպիրտ կա: Այս նախագծով փորձում ենք մինչև տարեվերջ երկարաձգել այդ աջակցությունը, որ կուտակված մնացորդները մի քիչ պակասեցնենք: Մենք ակնկալում ենք այս տարի գոնե 7 մլն լիտր արտահանում ունենալ: Եթե 30 մլն-ից 7 մլն-ը իրացնում ենք, մնացորդների բեռը զգալի թեթևանում է: Արդյունքում կսկսի խաղողի նկատմամբ պահանջարկը մեծանալ»,-նշեց նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ մյուս կողմից այս աջակցությունը կլուծի մրցունակության հարցը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տնտեսավարողներն այդ կուտակված սպիրտից կոնյակ չեն արտադրում՝ Ղազարյանը պատասխանեց, որ նրանք անհրաժեշտ քանակը 2-3 անգամ գերազանցող սպիրտի մնացորդ ունեն: Ընդ որում, կոնյակի արտադրության ամբողջ ծավալից Հայաստանում իրացվում է ընդամենը մոտավորապես 1 մլն լիտրը, արտահանումը կազմում է տարեկան մոտ 20 մլն լիտր:

Ընդ որում, արտադրանքն արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Ղազարյանը նշեց, որ ՌԴ-ում կա արդեն ձևավորված կոնյակի սպիրտի իրացման գին՝ մոտ 4.5 դոլարի սահմաններում: Հայկական կոնյակի սպիրտի արտադրության ինքնարժեքը մոտ 4.18 դոլարի սահմաններում է: «Շատ քիչ է տարբերությունը, արտահանողը գրեթե շահույթ չունի: Լրացուցիչ 100 դրամը 25 ցենտ է, դա մի փոքր շահագրգռում է իրացման համար, գնային առումով որոշակիորեն մրցունակ է դարձնում»,-նշեց նա:

100 դրամի չափով պետական տուրքի աջակցությունը գործել է մինչև 2023-ի դեկտեմբերի 30-ը: Հունվար-փետրվար ամիսներին փաստացի արտոնությունը չի գործում: Այս ընթացքում նախարարությունը տնտեսավարողներից ազդակներ է ստացել: Պաշտոնյան տեղեկացրեց, որ արտոնության տրամադրումը երկարաձգելու հարցով կան շատ դիմումներ՝ ուղղված վարչապետին, նախարարին: Այսպիսով Էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ աջակցությունը շարունակելու մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ը: Սակայն այս անգամ գերատեսչությունը փոխել է աջակցության տրամադրման  պայմանները: Նախկինում աջակցություն տրամադրվում էր ցանկացած կոնյակի սպիրտի համար: «Հիմա որոշել ենք արտոնությունը տալ միայն բարձրորակ կոնյակի սպիրտին: Այսինքն՝ արտահանվում է, մաքսային ձևակերպումների ժամանակ նմուշառում է կատարվում, դրանք գնում են միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիաներ՝ փորձաքննության: Երբ արդյունքը գալիս է, որ այն բարձրորակ կոնյակի սպիրտ է և ամբողջությամբ խաղողի հումքով է, նոր միայն այդ խմբաքանակի համար տալիս ենք աջակցություն»,-ասաց Ղազարյանը:

Պետությունը կասկածներ ունի՝ գուցե, արտահանվող կոնյակի սպիրտի մի հատված այլ հումքից է: Կառավարության նպատակն է օգնել միայն խաղողի հումքով արտադրանքին, որ խաղողի մթերման պահանջարկն ավելացնի: «Մեր նպատակն է, որ խաղողից արտադրված մաքուր կոնյակի սպիրտը իրացնենք, որ դրան համարժեք խաղողի պահանջարկ ձևավորենք: Այլ սպիրտով արտադրված կոնյակին աջակցելուց մենք խաղողի մթերման պահանջարկ չենք ձևավորում»,-նշեց նա:

Խաղողի մթերման խնդիրն, իհարկե, միայն այս աջակցությունից չի կախված, սակայն սա լրացուցիչ խթան կլինի խաղողից արտադրված կոնյակի սպիրտի մնացորդները պակասեցնելու համար:

  • Կիսվել: