ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան. ՏՄՊՊՀ

ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսում­նասիրության  արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից։

Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ստանալ այս ապրանքային շուկայի արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվե­տու ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչնդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։

 Հանձնաժողովն արձանագրել է, որ սեղմված գազի իրացումը ՀՀ-ում իրականացվում է 2 փուլով՝

  • Մեծածախ վաճառք, որն իրականացվում է Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի միջոցով և հանդիսանում է բնական մենաշնորհ:  
  • Մանրածախ վաճառք, որն իրականացվում է շուրջ 344 տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք շահագործում են 357 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ):

  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱԳԼՃԿ-ների ոլորտ մուտք գործելու և գործունեություն իրականացնելու համար օրենսդրական դաշտի առումով խոչընդոտներ առկա չեն: Սպառողների, ինչպես նաև ԱԳԼՃԿ-ների շահերի պաշտպանության տեսանկյունից խնդիր է նաև այլընտրանքային լաբորատորիայի բացակայությունը:

  Քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ

 

  • Երևան քաղաքում խորանարդ մետրից կիլոգրամի անցման դեպքում որոշ տնտեսվարող սուբյեկտներ վարել են միանման գնային քաղաքականություն այն դեպքում, երբ վերջիններս ունեցել են իրարից տարբերվող ինքնարժեք կազմող ծախսային բաղադրիչներ: Տնտեսվարող սուբյեկտների կողմից 1 կգ գազի իրացման նույն գնի կիրառումը կարող է ենթադրել տնտեսվարող սուբյեկտների միջև առկա գնային հնարավոր համաձայնեցման մասին:
  • ՀՀ մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները կարող են վկայել 2 խումբ խնդիրների մասին: Նախ՝ որոշ մարզերում տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվում է միանման գնային քաղաքականություն և երկրորդ՝ որոշ մարզերում սեղմված գազը երբեմն իրացվում է էական ցածր գներով, ինչը կարող է որոշակի ռիսկեր պարունակել: Սակայն հաշվի առնելով, որ ոլորտում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ՝ հանձնաժողովն առավել խորը ուսումնասիրություն չի իրականացրել:
  • Քաղաք Երևանում և մարզերում խորանարդ մետրով վաճառքի ժամանակ որոշ տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա է եղել բացասական շահութաբերություն, որը հետագայում` կիլոգրամի անցնելիս, հիմնականում փոխվել է:  Նշված երևույթը կարող է վկայել խորանարդ մետրով իրացման ժամանակ որոշ գազալցակայաններում առկա ստվերային շրջանառության մասին:

 

Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև համապատասխան իրավասու այլ գերատեսչություններին:

  • Կիսվել: