երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
700-800 հազար դրամ ստացողն ասում է՝ ինձ արտոնություն չի հասնո՞ւմ, դե կներեք էլի. Ավինյան

700-800 հազար դրամ ստացողն ասում է՝ ինձ արտոնություն չի հասնո՞ւմ, դե կներեք էլի. Ավինյան

Իրականում տրանսպորտի գնի հարցը միայն ֆինանսական խնդիր չէ, դա նաև շատ կարևոր սոցիալական հարց է և պետք է քննարկել ֆինանսական դժվարություններ ունեցողներին արտոնություններ տրամադրելու հարցը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ավարտին հայտարարեց Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ հաճախակի է լինում խնամքի կենտրոններում, գիտի, որ այնտեղ բնակվող թոշակառուներն իրենց բազային եկամուտը վերադարձնում են պետությանը և նրանց մոտ գրեթե գումար չի լինում։

«Վստահաբար իրենց արտոնության տեսակը պետք է էականորեն տարբերվի մնացածից»,- հայտարարեց քաղաքապետը, նշելով, որ արտոնություններ պետք է տրամադրվեն նաև ուսանողներին, դպրոցականներին, բայց ոչ նրանց, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում։ «Պետք է աշխատանքն իրականցվի թիրախային, որպեսզի սուբսիդիան տանք այն խմբերին, որոնք իսկապես դրա կարիքն ունեն։ Ասենք մարդիկ, որ ամսական 700-800 հազար աշխատավարձ են ստանում, ասում են՝ դե ես քիչ եմ տրանսպորտից օգտվում, իմ քիչ օգտվելու համար ինձ ի՞նչ փաթեթ կառաջարկեք։ Դե կներեք էլի՝ ոչ մի։

Դուք թիրախային խումբ չեք, սոցիալական խնդիր չունեք, ֆինանսական խնդիր չունեք, ամենայն հարգանքով։ Եվ կարծում եմ, կարող եք ձեզ թույլ տալ ամբողջ ծավալով վճարել տրանսպորտի համար, որպեսզի Երևանի քաղաքային իշխանություններն էլ ունենան հնարավորություն թիրախային խմբերին սուբսիադավորել»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը, նշելով, որ շատ է տեսել նման հրապարակումներ։

Նա ավագանու նիստի այսօրվա քննարկումը համարեց շատ կարևոր։ Դիմելով երևանցիներին ասաց, որ դժվար շրջափուլ են անցել ու հիմա շրջափուլի վերջին, բայց ամենակարևոր հարցն է։ «Մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել։ Այս քննարկման եզրակացությունը պետք է լինի, որ որևէ մի համակարգ ներդնելու դեպքում՝ մեր որոշումներում պետք է լինենք բալանսավորված, տանք արտոնություն այն խմբերին, որոնք որ դրա կարիքն ունեն։

Առավելագույն հնարավորության շրջանակում էլ սահմանենք նվազագույն գներ։ Չունենանք որևէ տեսակի սահմանափակումներ՝ իքս ժամանակի համար գնած տոմսի համար։ Եթե 1 ամսվա համար է, ուղևորը պետք է կարողանա օգտվել բոլոր տրանսպորտի տեսակներից անսահմանափակ։ Եվ պետք է երաշխավորենք, որ այս համակարգը չունենա չարաշահման հնարավորություն»,- եզրափակեց քաղաքապետը։

  • Կիսվել: