շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
6 ամիս ժամկետով արգելվել է երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը ՀՀ

6 ամիս ժամկետով արգելվել է երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը ՀՀ

Վեց ամիս ժամկետով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 18-ից և գործում է մինչև 2024 թ. հուլիսի 18–ը։

«Որոշումն ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,– նշված է հիմնավորման մեջ:

Գործադիրն այսպիսով ցանկանում է տեղական ցեմենտ արտադրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։

Մասնավորապես, 2023 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազ. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նշվում է, որ արտադրության աճին զուգընթաց աճել է նաև ցեմենտի ներմուծումը` 2023 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 173 հազ.տոննա (աճը՝ 5.7 անգամ), ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի պահանջարկով և ներմուծման պետական տուրքի նվազեցմամբ` 14 000 դրամից այն դարձել է 2 000 դրամ։

2023 թ–ին տնտեսապես նպատակահարմար է դարձել կլինկերի և ցեմենտի ներմուծումը Վրաստանից, ինչպես նաև ցեմենտի ներմուծումը ՌԴ-ից։

  • Կիսվել: