կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
358.3 մլն դրամ՝ մարզական ֆեդերացիաներին

358.3 մլն դրամ՝ մարզական ֆեդերացիաներին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության 2023-ի հաստատված բյուջեն ավելացնել 358,353 մլն դրամով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Որոշման նախագիծը բխում է թվով 11 ՀՀ մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից` 2023-ի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար:

Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և  վարկանիշային մրցաշարերին  լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիները կմասնակցեն միջազգային մրցաշարերին, ավելացնելով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նկատեց, որ 2022-ին ֆեդերացիաներին հատկացվել է լրացուցիչ 200 մլն դրամ, որով հնարավորություն տրվեց մարզիկներին մասնակցել ավելի մեծ թվով հավաքների եւ մրցաշարերի. «Արդյունքները եղան աննախադեպ, նվաճեցինք 307 մեդալ, նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն, իսկ ընդհանուր առմամբ, այս թիվը 30 տոկոսով բարձր է մեր երբեւէ ունեցած ամենաբարձր ցուցանիշից:

Նկատենք, որ 2023-ը նախաօլիմպիական տարի է եւ կարեւոր են աշխարհի եւ եվրոպայի առաջնությունները, որտեղ խաղարկվելու են Փարիզ-2024 օլիմպիական խաղերի վարկանիշները»:

  • Կիսվել: