չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
29 թեկնածու դիմել է սնանկության գործով կառավարչի որակավորում ստանալու համար

29 թեկնածու դիմել է սնանկության գործով կառավարչի որակավորում ստանալու համար

Մեկնարկել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը, որին ներկա է գտնվել Արդարադատության նախարարի տեղակալ, սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի նախագահ Արմենուհի Հարությունյանը:

Արմենուհի Հարությունյանը բացման խոսքում ողջունել է որակավորման ստուգմանը մասնակցող անձանց և մաղթել հաջողություններ՝ քննական շրջանում: Որակավորման ստուգումն անցկացվելու է երկու փուլով. առաջին փուլը ներառել է թեստային հարցերի և իրավիճակային խնդրի լուծումը, իսկ երկրորդ փուլը ներառելու է հարցազրույցը: Առաջին փուլին մասնակցել է 29 կառավարչի թեկնածու:

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» օրենքով և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանով:

  • Կիսվել: