շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2027-ից չորս մարզում չի գործի եկամտային հարկի վերադարձով բնակարանի ձեռքբերման ծրագիրը, իսկ Երևանում՝ 2025-ից. նախագիծ

2027-ից չորս մարզում չի գործի եկամտային հարկի վերադարձով բնակարանի ձեռքբերման ծրագիրը, իսկ Երևանում՝ 2025-ից. նախագիծ

2021-ի տարեվերջին սահմանվեց ժամանակացույց, ըստ որի՝ Երևանում կառուցապատման ծրագրերը պետք է սահմանափակվեին՝ ըստ գոտիավորման և ըստ ժամանակացույցի: Այժմ պատրաստ է նաև նախագիծ, որով սահմանվում են մարզերում կառուցապատման աշխատանքների ժամանակացույցը և պայմանները: Այդ մասին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Ըստ փոխնախարարի՝ հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված օրենսդրական փոփոխությունն ազդեցություն է ունեցել և՛ կառուցապատողների, և՛ բնակարանային խնդիրներ ունեցող քաղաքացիների որոշումների կայացման վրա այն առումով, որ քաղաքացիներն ավելի կարճ ժամկետներում են որոշումներ կայացրել՝ գույք ձեռք բերելու կամ շինարարություն իրականացնելու հարցերում:

Հիմա նույն տրամաբանությամբ առաջարկվում է մարզերում ևս սահմանել համակարգի կիրառության դադարեցման մասին ժամանակացույց՝ մի կողմից ակնկալելով քաղաքաշինական և տնտեսական համաչափ զարգացում, մյուս կողմից՝ մի քանի խնդիրների լուծում:

Խնդիրներից մեկը երկարաժամկետ ֆինանսական կայունության տեսանկյունից եկամտային հարկի վերադարձվող գումարների աճի զսպումն է:

«2023 թվականն ամփոփվել է շուրջ 52 միլիարդ դրամի վերադարձով: 2024 թվականի համար ակնկալվում է, որ այս թիվը կլինի շուրջ 80 միլիարդ դրամի շրջակայքում»,- ասաց փոխնախարարը:

Մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվում է համակարգի աստիճանական սահմանափակում, այն է՝ եռամսյակային կտրվածքով վերադարձվող եկամտային հարկով առավելագույն շեմը, որը գործող օրենսդրությամբ 1,5 միլիոն դրամն է, կիսով չափ կնվազեցվի՝ հասնելով 750 հազար դրամի:

Փոխնախարարը նաև ներկայացրեց Երևանում ու մարզերում եկամտային հարկի վերադարձի օրենքի գործելու ժամանակացույցը:

«Երևանի սահմանակից մարզերի պարագայում (խոսքն Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայի մարզերի մասին է) վերջնաժամկետը 2027 թվականի հունվարի 1-ն է: Այսինքն՝ այս ամսաթվից հետո ներգրավվող հիփոթեքային վարկերի համար այլևս համակարգի շրջանակներում եկամտային հարկի վերադարձ չի կատարվելու: Մնացյալ մարզերի համար ևս 2 տարի ժամանակ է տրվելու՝ մինչև 2029 թվականի հունվարի 1-ը»,- ասաց նա և հավելեց, որ բացառությունը կգործի սահմանամերձ բնակավայրերի համար, իսկ նպատակը կառուցապատման ծրագրերը սահմանամերձ բնակավայրերում խրախուսելն է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչքան եկամտային հարկ է վերադարձվել քաղաքացուն, և թե ի՛նչ պահանջարկ ունեն նորակառույցները:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միջին շահառուն տարեկան 1 միլիոն դրամ գումար է հետ ստանում»,- ասաց նա և հավելեց, որ դա միջին եկամուտ ունեցող քաղաքացու հնարավորությունների տիրույթում է: Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա այն աճել է, և, ըստ կառուցապատողների՝ իրացվել են նույնիսկ չիրացվող բնակարանները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ Երևանում մինչև ե՞րբ կարող են օգտվել ծրագրից: Ըստ փոխնախարարի՝ եթե շինթույլտվությունը ստացվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, ապա տվյալ շենքից երբ էլ բնակարանը գնվի, թեկուզ՝ 20 տարի հետո, եկամտային հարկի վերադարձի կանոնը կիրառվելու է:

«Եթե շինթույլտվությունը ձեռք է բերվել է 2022 թվականի հունվարի 1-ից հետո, գործում է ժամանակացույցը. առաջին գոտու համար՝ 2022-ի հուլիսի 1, երկրորդ գոտու համար՝ 2023-ի հունվարի 1, երրորդ գոտու համար՝ 2023-ի հուլիսի 1-ը, չորրորդ և ավելի գոտիների համար՝ 2025 թվականի հունվարի 1: Այսինքն՝ մինչև տարեվերջ ժամանակ կա, մեր քաղաքացիները Երևանում կարող են ձեռք բերել և օգտվել եկամտային հարկի վերադարձով բնակարանի ձեռքբերումից՝ անկախ այն հանգամանքից, թե շինթույլտվությունը երբ է ստացել, պայմանով, որ շենքը գտնվի 4-րդ և բարձր գոտիներում»,- ասաց նա:

Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանը կարճ թվարկեց նախագծով ակնկալվող փոփոխությունները: Ըստ այդմ՝ 2027-ից եկամտային հարկի վերադարձի օրենքը չի գործելու 4 մարզում՝ Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում: 2029-ից մնացած մարզերում է դադարելու գործել՝ բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի: Երրորդ փոփոխությամբ սահմանվում է, որ մեկ եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձը չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Մյուս փոփոխությունն էլ այն է, որ այս եկամտային հարկի վերադարձի կանոնը շարունակելու է գործել արդեն իսկ շահառու դարձածների համար:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն առաջարկեց տուրիստական կենտրոն համարվող քաղաքների համար թողնել հնարավորությունը նաև 2029 թվականից հետո:

Ըստ փոխնախարարի՝ նախագիծն այս կարգավորումներով ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

  • Կիսվել: