ուրբաթ, դեկտեմբեր 6
6 / 12 / 2024
2025 թվականի ընթացքում Հայաստանում գնաճը կմոտենա նախատեսված 4 տոկոսի սահմանին

2025 թվականի ընթացքում Հայաստանում գնաճը կմոտենա նախատեսված 4 տոկոսի սահմանին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի գնահատմամբ՝ Հայաստանը գնաճի 4 տոկոս շեմին կմոտենա մյուս տարվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական նվազեցմանը նվիրված ասուլիսում։

«Արդեն դրական տիրույթում գտնվող գնաճ ունենք՝ այն 0-ից բարձր է: Տարվա վերջին կլինի ավելի բարձր ու կմոտենանք մոտավորապես 2.2-2.5 տոկոսի սահմանին՝  նայած, թե ինչպիսի զարգացումներ կլինեն գյուղատնտեսական ոլորտում: Այսինքն, գնաճը մոտ կլինի մեր թիրախի նվազագույն շեմին: Երբ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճը լինելու է ավելի բարձր, ապա պլանավորում է միջնաժամկետում գնաճը բերել թիրախին: Եթե նպատակադրվենք հենց այդ տարվա ընթացքում գնաճը բերել 4 տոկոսի թիրախին, տնտեսության համար դրա գինը կարող է շատ մեծ լինել: Ուստի կենտրոնական բանկը փորձում է ավելի հարթ քաղաքականություն իրականացնել: Մեր գնահատմամբ՝ 4 տոկոսին կմոտենանք միջնաժամկետում, այսինքն՝ մյուս տարվա ընթացքում»,- նշեց Մարտին Գալստյանը:

ԿԲ խորհուրդն այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 8 տոկոս: Այդ առթիվ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն  անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:

  • Կիսվել: