2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ
2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հայտնելով, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա, մասնավորապես, նշել է․
- Կոմիտեի տեսլականն է ունենալ արհեստավարժ, հզոր և մարդակենտրոն պետական եկամուտների ծառայություն։
- Պետական եկամուտների կոմիտեի գերխնդիրը հարկային եկամուտների պատշաճ հավաքագրումն է. 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ապահովվել են 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով։
- Ռիսկային չափանիշների մշտապես վերանայման արդյունքում՝ տարեցտարի բարձրանում է ստուգումների թիրախայնությունը և արդյունավետությունը. այս առումով արձանագրվել են 18% աճ և 45 մլրդ դրամի չափով բացահայտումներ։
- 2025 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 50%-ով։
- Զուգահեռաբար աճել է ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունը. հայտնաբերվել է շուրջ 141 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 84 մլրդ դրամով կամ շուրջ 146%-ով։
- Մաքսային ոլորտում թվայնացման բարեփոխումների շրջանակում պարզեցվել են մի շարք մաքսային ընթացակարգեր, բարելավվել է ժամանակատարությունը, աճել սպասարկվող բեռների քանակը, սպասարկումը դարձել հեռավար, իսկ մաքսանենգության դեպքերի բացահայտումների քանակն ավելացել է շուրջ 9%-ով։
- 2025 թվականին իրականացվել են նաև մի շարք կարևոր նախագծեր՝ ուղղված քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններին, հարկային կարգապահության բարձրացմանը, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը։
- Շարունակվում է հարկային և մաքսային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը, կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանում (ներկայացվել են 9 հատ առևերույթ հանցանքի մասին հաղորդումներ, իրականացվել 16 ծառայողական քննություններ)։