կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2024 թ. պետբյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով մուտքերը` շուրջ 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ. Ռուստամ Բադասյան

2024 թ. պետբյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով մուտքերը` շուրջ 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ. Ռուստամ Բադասյան

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն շուրջ 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ: 2024 թվականին ՀՀ կառավարությունը կպահպանի հարկային վարչարարության բարելավման տեմպերը, ինչպես նաեւ կիրականացնի հարկային օրենսդրության բարեփոխումներ, որոնց արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շուրջ 0.75 տոկոսային կետով բարելավում: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 31-ի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ:

Նշվել է, որ 2024 թվականի ընթացքում պետական եկամուտների կոմիտեի վարչարարությունն ուղղված է լինելու հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավմանը, հարկ վճարողներին որակյալ եւ արդի պահանջներին բավարարող ծառայությունների մատուցմանը, հարկ վճարող-ՊԵԿ երկխոսության ամրապնդմանը, որի շրջանակում իրականացվող միջոցառումները միտված են լինելու հարկային եւ մաքսային ոլորտներին առնչվող հիմնական նպատակների իրագործմանը:

ՊԵԿ նախագահի հավաստմամբ կկատարելագործվեն ՏՏ նորարարական լուծումներով թվայնացված համակարգերի ներդրման եւ ՊԵԿ տեղեկատվական բազայի հուսալիության մակարդակի բարձրացման նպատակով էլեկտրոնային համակարգերը, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողների համակարգը` հարկ վճարողների բարեխիղճ եւ օրինապահ վարքագծի խրախուսման, նրանց համար պարզեցված հարկային ընթացակարգերի ընդլայնման եւ մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների բարելավման միջոցով:

Հարկային եւ մաքսային ծառայություններ ծրագրի գծով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով, ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը, նախատեսվել է հատկացնել 37 միլիարդ 369.4 միլիոն դրամ, այդ թվում` վարկային միջոցներ` շուրջ 2 միլիարդ 365 միլիոն դրամ, դրամաշնորհային միջոցներ` 1 միլիարդ 589.9 միլիոն դրամ, ՀՀ համաֆինանսավորում` ընդհանուր 850.9 միլիոն դրամ:

Ծրագրի նպատակը հարկային եւ մաքսային միասնական պետական քաղաքականության իրականացումն է, հարկային եւ մաքսային օրենսդրության ամբողջական եւ համահավասար կիրառումը ՀՀ տարածքում: Ծրագրի վերջնական արդյունքն արդյունավետ հարկային եւ մաքսային հսկողության իրականացումն է եւ պետական բյուջեի եկամուտների ապահովումը:

Բանախոսը պատասխանել է պատգամավորների բազմաբնույթ հարցերին, որոնք առնչվել են ոլորտի առկա խնդիրներին, բյուջետային ծրագրերին եւ այլն:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է` արդյո՞ք Խորենացի փողոցի ՊԵԿ-ի շենքը հանձնելու են Պետական գույքի կադաստրի կոմիտեին ու տեղափոխվեն Աշտարակի խճուղի` ՊՆ նախկին շենք:

Ի պատասխան Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Երեւանի ԱՏԳ կենտրոնի ստեղծմանն ու նշել, որ այն բիզնեսի համար առեւտրի կարեւորագույն բարեփոխումներից է.

«Եվ դա մեզ հնարավորություն է տվել, որպեսզի մեր վարչական շենքը տեղափոխենք: 2024 թվականին 1.5 միլիարդ դրամի ծախս է նախատեսված, որպեսզի այդ կապիտալ ծախսն անենք: Այսինքն` մենք Խորենացու շենքն ինչ-որ փուլում հանձնելու ենք պետական գույքին, եւ ՊԵԿ-ը տեղափոխվելու է Աշտարակի խճուղի: Դա նախատեսվում է իրականացնել 3 տարվա ընթացքում»,- նշել է ՊԵԿ նախագահը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է միկրոբիզնեսի դաշտում նկատվող բացասական երեւույթներից` փաստելով, որ խոշոր ընկերությունները հաճախ փոքր բիզնես են բացում, այնտեղից ապրանք գնում ու այսպիսով նվազեցնում հարկման բազան:

Ըստ Ռուստամ Բադասյանի` չեն վերացել նշված չարաշահումների դեպքերը:

«Քանի դեռ մենք ունենք հատուկ համակարգեր, միշտ ունենալու ենք չարաշահման դեպքեր: Բայց ֆինանսների նախարարության օրենսդրական փոփոխության արդյունքում հուլիսի 1-ից միկրոյի դաշտում արդեն պետք է եկամտային հարկի դրույքաչափն ընդհանուր լիներ: Եվ հուլիս ամսվա արդյունքներով օգոստոսին նկատեցինք, որ միկրոյում շուրջ 2000 աշխատատեղ «կորել է»: Այսինքն` ոչ թե 2000 աշխատող սկսել են ընդհանուր դրույքաչափով գործել եւ հարկերը վճարել, այլ ուղղակի աշխատանքից ազատել են, կամ ցույց են տալիս, որ ազատել են»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ անմիջապես վարչարարություն են սկսել` այդ 2000 աշխատատեղը հայտնաբերելու համար: Իսկ գլոբալ առումով, ըստ նրա, քանի դեռ միկրոհամակարգը կա, այդտեղ չարաշահումներ լինելու են:

Նշվել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները` որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից: Իսկ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների եկամտային հարկն ամսական 5000 դրամի փոխարեն 2023 թվականի հուլիսի 1-ից հաշվարկվում է ընդհանուր սահմանված 20 տոկոս դրույքաչափով:

 

  • Կիսվել: