երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2024-ին նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 6,6 տոկոսի, իսկ ընթացիկ ծախսերինը՝ 22,1 տոկոսի

2024-ին նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 6,6 տոկոսի, իսկ ընթացիկ ծախսերինը՝ 22,1 տոկոսի

Հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թվականին նպատակ է ունենալու ապահովել 7 տոկոս տնտեսական աճ՝ շեշտադրելով հարկաբյուջետային կայունության պահպանումն ու տնտեսական ներուժի աճին ուղղված պետական ներդրումների էական ավելացումը: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Ըստ ԿԲ նախագահի՝ 2024-ի հարկաբյուջետային քաղաքականությամբ թիրախավորվել են պետական ներդրումների մակարդակի էական բարձրացումը և միաժամանակ ՀՀ Կառավարության պարտքի բեռի նվազող միտումի ապահովումը:

«2024 թվականի համար նախանշվել է նաև հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0,75 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 24,4 տոկոսը, ընդ որում՝ վերջինս 0,2 տոկոսային կետով գերազանցում է միջնաժամկետ ծրագրով նախատեսված ցուցանիշները:

Արդյունքում գնահատվում է, որ 2024-ին ՀՀ պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն»,- ասաց նա:

2024-ին նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 6,6 տոկոսի, իսկ ընթացիկ ծախսերինը՝ 22,1 տոկոսի: Արդյունքում՝ ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի 0,7 տոկոսային կետով և ընթացիկ ծախսերի 0,2 տոկոսային կետով աճի շնորհիվ, ըստ ԿԲ նախագահի, պետական ծախսերը ՀՆԱ-ում կկազմեն 28,7 տոկոս՝ ամբողջական պահանջարկի վրա ունենալով ընդլայնող ազդեցություն:

«Արդյունքում՝ բյուջեի պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցության գծով թիրախավորվել է աճ՝ մինչև ՀՆԱ-ում 3,2 տոկոս մակարդակ, ինչը գերազանցում է թե՛ նախորդ տարվա, թե՛ ՄԺԾԾ-ով (միջնաժամկետ ծախսերի ծրագիր) նախատեսված ցուցանիշներին: Արդյունքում՝ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա կլինի ընդլայնող»,- ասաց նա:

Ըստ ԿԲ նախագահի՝ նախանշված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2024-ին Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա զգալի նվազումից հետո կաճի 1,4 տոկոսային կետով և կկազմի 48,4 տոկոս՝ միաժամանակ պահպանելով պարտքի կայունության սկզբունքի ներքո հարկաբյուջետային կանոններով սահմանված 50 տոկոսից ցածր մակարդակում»,- ասաց նա:

  • Կիսվել: