երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան

2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան

«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս անգամ փոդքաստը նվիրված կլինի МИР քարտերի շուրջ ստեղծված իրավիճակին։

Նա մասնավորապես գրել է. «Սիրելի՛ ընկերներ, ձեր առաջարկով այս անգամ փոդքաստը նվիրված կլինի МИР քարտերի շուրջ ստեղծված իրավիճակին, այն հասանելի կլինի երկուշաբթի, իսկ մինչ այդ հասկանանք ի՞նչ է կատարվում։

Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը: Թե սա ինչպիսի՞ հետևանքներ կարող է առաջացնել հայրենական տնտեսության համար, մեկ-երկու մասնագետ է առայժմ միայն ահազանգում…

Հայաստանյան բանկերը չեն ուզում հայտնվել արևմտյան սանկցիաների թիրախում. շատ լավ, բնական ցանկություն է, բայց ի՞նչ է լինելու հետո։

Միայն 2023թ.-ին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար տրանսֆերտ, որից 3,1 միլիարդը՝ առևտրային նպատակներով, անշուշտ մեծ մասը փոխանցվել է МИР քարտերով:

Այսինքն՝ ռուս ռելոկանտների կոմից այս քարտերով կատարվող գնումները աշխուժացրել են մեր տնտեսությունը: Այս աշխուժացումն էլ իր հերթին արտացոլվում է, օրինակ՝ վերջին 2 տարիներին այդքան փառաբանվող տնտեսական աճի մեջ:

Սանկցիաներ չե՞նք ուզում՝ իհարկե, չենք ուզում, բայց հակառակ կողմում հայկական տնտեսության՝ ռուսական շուկայից ահռելի կախվածությունն է: Հիմա Հայաստանը կարո՞ղ է իրեն էնպիսի ճոխություն թույլ տա, որ հրաժարվի այդքան միլիարդի հոսքից:

Հաջորդ խնդիրը. Հայաստանում մի քանի հարյուր հազար կենսաթոշակառու և նպաստառու հենց МИР քարտերով է ստանում իրենց համար կենսական նշանակություն ունեցող ամսական թոշակը: Ի՞նչ աշխատանք է տարվել այս մարդկանց հետ, բացի առցանց համակարգով դիմելու հայտարարությունից։ Սա՞ է հավասարակշռված ու զգուշավոր մոտեցումը, երբ թոշակառուների մեծ մասը միայն օրեր անց է պարզելու իրենց գլխին եկած խնդիրների մասին։

Հ.Գ. Կամ էլ էլեկտրոնային դեղատոմսերի նման կասենք, օր օրի հունի մեջ ենք ընկնում։

Արդյունավետ կառավարու՞մ, չէ՜ չենք լսել…»,-գրել է նա։

  • Կիսվել: