երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023թ-ի ընթացքում ընդունվել է վարչական իրավախախտումների մասին 7 400 որոշում

2023թ-ի ընթացքում ընդունվել է վարչական իրավախախտումների մասին 7 400 որոշում

2023թ. ընթացքում ընդունվել է վարչական իրավախախտումների մասին 7 400 որոշում, տուգանքների ընդհանուր ծավալը գերազանցել է 1,9 մլրդ դրամը, կազմելով մոտ 4,5 մլն դոլար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։

Նա տեղեկացրել է, որ 2023թ. ընթացքում իրականացվել են ավելի քան 2 000 ստուգում եւ հետազոտություն եւ ավելի քան 65 հազար այլ վերահսկիչ միջոցառումներ․ «Տրանսպորտի ոլորտում կատարվել է մոտ 7 հազար վերահսկիչ միջոցառում, հայտնաբերվել է ավելի քան 1 400 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ։ Տրանսպորտի ոլորտում ամենամեծ թվով խախտումները հայտնաբերվել են նորմերի մասով, որոնք վերաբերել են մեծ բեռնատար մեքենաներին։ Քաղաքաշինության ոլորտում իրականացվել է 750 ստուգում, հայտնաբերվել 400 խախտում»։

Նա ավելացրել է, որ էներգետիկայի ոլորտում իրականացվել է մոտ 2 200 տեխնիկական ստուգում, հայտնաբերվել է ավելի քան 700 խախտում, իսկ հողօգտագործման ոլորտում հայտնաբերվել է 260 խախտում։

Նրա խոսքով՝ տեսուչները 3 500 դեպքերում մասնակցել են շինարարությունն ավարտելու փաստագրման աշխատանքներին, դրանցից 1 300 դեպքերի համար տրվել են բացասական եզրակացություններ։

  • Կիսվել: