երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
2023 թվականին իրականացրած սուբվենցիոն ծրագրերով կատարողականը կազմել է 136,7%. Սանոսյան

2023 թվականին իրականացրած սուբվենցիոն ծրագրերով կատարողականը կազմել է 136,7%. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2023 թվականին իրականացրած սուբվենցիոն ծրագրերով կատարողականը կազմել է 136,7%: Այս մասին այսօր՝  տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Սուբվենցիոն ծրագրերով ՏԿԵ նախարարության կատարողականը 136,7% է։ Այսինքն` այս ծրագրերով պլանավորածից շատ ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել։ Նախատեսված 22 մլրդ դրամի փոխարեն ծախսել ենք ավելի քան 30 մլրդ դրամ, իհարկես սա արվել է վերաբաշխումների արդյունքում»,– նշեց ՏԿԵ նախարարը։

Նրա խոսքով` ճանապարհաշինության առումով էլ ցուցանիշները գոհացուցիչ են, հիմնանորոգման արդյունքում կատարողականը 132% է: Պլանավորված է եղել ծախսել 45 մլրդ դրամ, բայց իրականում ծախսվել է մոտ 60 մլրդ դրամ։

«Մենք ունենք556 կմ իրականացրած ճանապարհաշինարարական  աշխատանքներ, դրանից 55-ը դեռ ավարտված չէ, տեղադրված է ներքին շերտը: 501 կմ-ն ամբողջովին ավարտված է, կահավորված է եւ հանձնված է շահագործման: Այդ 501-ի ցանկը մոտ օրերս կհրապարակենք՝ մետր առ մետր: Այն հատվածներում, որտեղ նախանշված է 2 կամ 3 շերտ, երբ նոյեմբերի վերջին տեսել ենք, որ եղանակային պայմանները կարող են խնդիր ստեղծել, ամենօրյա գրաֆիկով հաշվել ենք, հենց 501-ը լրացել է, շինարարներին ասել ենք՝ դադարեցրեք ասֆալտապատման աշխատանքները, գարնանը կշարունակենք, որպեսզի որակը չտուժի»,-ասաց նախարարը:

Գնել Սանոսյանն ընդգծեց, որ եթե սուբվենցիոն ծրագրերն էլ գումարենք, ապա 2023 թվականին 803 կմ ճանապարհի ասֆալտապատում կամ սալարկում է իրականացվել։ Այսքանից 210 կմ–ն ասֆալտապատվել է, իսկ 38,5 կմ-ը՝ սալարկվել է տուֆ քարով սուբվենցիոն ծրագրերով։

  • Կիսվել: