հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2023 թվականի համար թիրախավորվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ․ ֆինանսների նախարար

2023 թվականի համար թիրախավորվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ․ ֆինանսների նախարար

«2023 թվականի համար թիրախավորվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ։ Դժվար մարտահրավեր է այն, որ այսպիսի բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում։ Այս տարվա գնաճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 9 տոկոսի սահմաններում։ Տրամաբանական է, որ 2023 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս աճի։ Նշված քաղաքականությունը որոշ չափով կսահմանափակի տնտեսության իրական հատվածին առաջարկվող ֆինանսական ռեսուրսները, և դրանք հասանելի կմնան հատկապես այնպիսի տնտեսական ծրագրերի համար, որոնք ունեն բարձր եկամտաբերություն և կարող են հաղթահարել ավելացող ֆինանսական ծախսերը»,- Ազգային ժողովում  2023 թվականի  պետական բյուջեի նախագծի քննարկմանը այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ըստ նախարարի՝ բարձր տոկոսադրույքները կարող են հետաձգել երկարաժամկետ ներդրումային ծրագրերի համար նոր վարկերի ներգրավումը։ Սա մեղմելու նպատակով կառավարությունը կշարունակի ընդլայնել ներդրումային վերազինմանն ուղղված մասնավոր ծրագրերին աջակցությունը՝ տեխնոլոգիական հոսքագծերի և սարքավորումների նորացման ուղղվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորելու եղանակով։ Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ միայն այս ծրագրով հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված աջակցության միջոցները կգերազանցեն 11 մլրդ դրամը։ Արտաքին մարտահրավերների պատճառով ընդհանուր առմամբ հաջորդ տարվա համաշխարհային գլոբալ տնտեսական աճը կկազմի 2․7 տոկոս, ինչը ցածր է այս և նախորդ տարվա ցուցանիշներից տեղեկացրեց նախարարը։

  • Կիսվել: