երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
2023 թ․ ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը

2023 թ․ ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը

2023 թվականի ընթացքում ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը: Եկամուտների անվանական մակարդակը կամ հավաքված հարկերի բացարձակ թիվն ինքնին ոչինչ չի նշանակում, դրա համար մենք այն դիտարկում ենք եւ մեր բոլորի կողմից անցյալ տարվա ընթացքում ստեղծված ամբողջ արժեքի` ՀՆԱ-ի հարաբերության մեջ եւ համեմատում ենք նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ` արձանագրելու առաջընթացը կամ հետընթացը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` Ազգային ժողովի հունիսի 12-ի հերթական նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

 

Մինչ թվային տվյալներին անցնելը` նախարարը մտահոգություն է հայտնել, որ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ բավական ցածր է թե’ ընդդիմության, թե’ հանրության հետաքրքրությունը:

 

Զեկուցողի տեղեկացմամբ 2023 թվականին եկամուտների 94.2 տոկոսը ձեւավորվել է քաղաքացիների եւ բիզնեսների կողմից վճարված հարկերի եւ տուրքերի միջոցով եւ ավելի է եղել նախորդ տարվա ցուցանիշից 0.7 տոկոսային կետով: 2023 թվականին մեկ շնչին բաժին ընկնող միջին հարկի ցուցանիշը կազմել է գրեթե 750 հազար դրամ, 5 տարի առաջ` 424 հազար դրամ, 10 տարի առաջ` 331 հազար դրամ: «Նշածս ցուցանիշները ոգեւորվելու եւ հպարտանալու տեղիք են տալիս, եւ սա է հիմնավորումը, որ մենք դարձել ենք ավելի հարուստ, ավելի արտադրողական եւ մրցունակ` մի կողմից, մյուս կողմից` հարկման համակարգում փորձում ենք հնարավորինս արդարացի եւ հավասար բաշխում իրականացնել, ինչպես նաեւ հարկման տարբեր համակարգերի միջեւ համադրելի եւ արդարացի հարկային բեռ սահմանելու ուղղությամբ էական աշխատանքներ ենք տանում»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանը` հաջորդիվ անդրադառնալով հարկերից խուսափելու դեպքերին եւ դրա դեմ իրականացվող պայքարին, ծախսերի արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությանը, գնումների գործընթացին, որտեղ եւս ցուցանիշները դրական են:

«2021 թվականի համեմատ մեր ծախսերն աճել են 543 մլրդ դրամով, որից գերակշիռ մասը բաժին է ընկնում ամենամեծ աճն արձանագրած 28 բյուջետային ծրագրերին: Մասնավորապես` 211 մլրդ դրամը ծառայել է ներքին եւ արտաքին անվտանգության բարձրացմանը, 15 մլրդ դրամով ավելացել է դատական եւ իրավապահ համակարգին հատկացումը, 45 մլրդ դրամ ավելի է հատկացվել ճանապարհային եւ ոռոգման ցանցերի զարգացմանը, 33 մլրդ դրամ ավելի է հատկացվել համայնքներին` որպես սուբսիդիա, կրթությանը եւ գիտությանը` 34 մլրդ դրամ, 46 դրամ` սոցիալական ոլորտին, շուրջ 45 մլրդ դրամ` տնտեսության տարբեր ճյուղերի աջակցությանը»,- ասել է նախարարը:

Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ բյուջեի դեֆիցիտը գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին:

Նա պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

  • Կիսվել: