կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2023-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի  համեմատ աճել է 7,1%-ով. կառավարություն

2023-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի համեմատ աճել է 7,1%-ով. կառավարություն

2023 թվականի արդյունքներով Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի  համեմատ աճել է 7,1%-ով՝ կազմելով շուրջ 384 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում:

Հնդկաստանի մասով զեկույցում նշվում է. «2023 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հնդկաստան՝ «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով. Նա հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են նաև սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում:

2023 թվականին Հնդկաստան են այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ առողջապահության նախարարը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետը:

2023 թվականի ապրիլի 20-ին Երևանում կայացել են Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։

2023 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի կողմից պաշտոնապես ստորագրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ նախաձեռնված «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը:

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հնդկաստանի  էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարությունների միջև՝ «Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

  • Կիսվել: