ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2021-ին խաղադրույքների ոլորտում տեղի է ունեցել 3 տրլն դրամի շրջանառություն. Սա մեր բյուջեի կրկնակիից ավելին է. Փաշինյան

2021-ին խաղադրույքների ոլորտում տեղի է ունեցել 3 տրլն դրամի շրջանառություն. Սա մեր բյուջեի կրկնակիից ավելին է. Փաշինյան

2021 թվականին խաղադրույքների ոլորտում տեղի է ունեցել 3 տրլն 900 մլրդ դրամի  շրջանառություն. սա մեր երկրի բյուջեն  կրկնակիից ավել գերազանցող ցուցանիշ է: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այսօր կառարավարությունը հավանություն տվեց մի նախագծի, որով կարգելվի վճարային տերմինալներով դրամապանակները լիցքավորելով խաղադրույքներ կատարելը: Խաղադրույք կարելի կլինի կատարել միայն բանկային հաշիվներից դրամապանակները լիցքավորելով:

Փաշինյանի խոսքով, 2018 թվականից իրենք սիստեմատիկ կրճատել են խաղային ոլորտը՝ նվազեցրել են ֆուքմեյքերական գրասենյակների թիվը, հանել են խաղային սարքերը գազալցակայաններից. «Այդ ամենի արդյունքում մենք տեսանք պրոբլեմի իրական ծավալը՝ 3 տրլն 900 մլրդ դրամ: Հաջորդ փուլով մենք գովազդներն արգելեցինք, ընդ որում դա էլ արեցինք մեծ լոբբինգ հաղթահարելով: Հետո տեսանք, որ կա դրամապանակներ լիցքավորելու մեխանիզմ, երբ մարդը այդ տերմինալներով իր դրամապանակին փող է մուտքագրում եւ դրանով խաղադրույթներ է կատարում:

Հիմա փակում ենք այդ հնարավորությունը՝ ասելով, որ այդ դրամապանակները կարելի է լիցքավորել միայն բանկային հաշվից: Սա տեսանելի կլինի ընտանիքի անդամենրին, պետական ու իրավապահ համակարգին, բանկային համակարգի անհրաժեշտության դեպքում: Ես չեմ ուզում թաքցնել, որ այսպիսով նաեւ սոցիալական աջակցության համակարգը պետք է ամբողջն ուղղորդենք եւ տեսնենք, թե սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիներից քանի տոկոսն է պետության տված նպաստը տանում դնում խաղադրույք ու ամբողջությամբ պարտվում»,-հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այդ դեպքում իրենք կարող են կամ կտրել նպաստը, կամ նպաստի քարտը օգտագործելու իրավունքը տալ ընտանիքի այլ անդամի, կամ էլ այլ լուծումներ գտնել:

«Մենք այս ուղղությամբ հետեւողականորեն գնալու ենք: Ես չգիտեմ ինչ լոբբինգներ, շանտաժներ կանեն, դա մեզ չի հետաքրքրում: Ոլորտը պետք է կարգավորվի: Մեզ պետք են նաեւ օրենսդրական կարգավորումներ, որոնք թույլ չեն տա թաքնված գովազների առկայությունը երկրում: «Խաղալը հարստանալու միջոց չէ» պաստառը ուղիղ գովազդ է, որովհետեւ հիշեցնում է, որ կա նաեւ այսպիսի միջոց»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: