հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
2020 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 27 տոկոս

2020 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 27 տոկոս

2020 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 27 տոկոս, որը 0.6 տոկոսային կետով բարձր է 2019 թվականի 26.4 տոկոս ցուցանիշից։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, աղքատության աճի վրա ազդել են հետևյալ գործոնները՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է անկում՝ 7.4 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսը 2019-ի նկատմամբ աճել է 1.2 տոկոսով:

2020 թվականին աղքատության սրությունը եղել է 1.3 տոկոս: Վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 641 դրամ կամ 109.7 ԱՄՆ դոլար, 35 324 դրամ կամ 72.2 ԱՄՆ դոլար, 23 828 դրամ կամ 48.7 ԱՄՆ դոլար և 44 482 դրամ կամ 91.0 ԱՄՆ դոլար:

Ըստ հետազոտության արդյունքների՝ աղքատների մեծ մասը չի ունեցել աշխատանք, մինչդեռ ոչ աղքատների զգալի մասը զբաղված է եղել որևէ տեսակի տնտեսական գործունեությամբ: 2019-2020թթ. ողջ բնակչության համար ամբողջական եկամուտների և սպառման ագրեգատի ցուցանիշների անհավասարությունը նվազել է: Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում բնակչության բևեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի ավելի խորն է սպառման ագրեգատի ցուցանիշի համեմատ:

Ըստ միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների դասում աղքատության գծի՝ աղքատության մակարդակը 2016 թվականից տարեցտարի աճում է։ 2020 թվականին Հայաստանում, ըստ այս սահմանագծի, աղքատ է բնակչության 44․7 տոկոսը՝ 2019թ․-ի 43․9 տոկոսի համեմատ։ 2020 թվականին Հայաստանի բնակչության գրեթե 1/5-ը եղել է բազմաչափ աղքատ՝ քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև որոշակի տարբերություններով։

Բազմաչափ աղքատության գնահատման համար դիտարկվել են հետևյալ հինգ չափումները՝ հիմնական կարիքներ, բնակարանային պայմաններ, կրթություն, աշխատանք և առողջապահություն։ 2020-ին բազմաչափ աղքատության մակարդակն ավելի բարձր է եղել գյուղական բնակավայրերում՝ 23.2 տոկոս, մինչդեռ Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում գրանցվել է բազմաչափ աղքատության ամենացածր մակարդակը՝ 16․0 տոկոս: Վերանայված տնային տնտեսությունների հետազոտության հարցաշարի հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2020 թվականին բնակչության շուրջ 58 տոկոսը զրկանքներ է կրում առնվազն մեկ չափման մասով, իսկ 41․7 տոկոսը որևէ զրկանք չի կրում։

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանի բնակչության շուրջ 5 տոկոսը երեք և ավելի չափումների մասով զրկանքներ է կրում։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ Հայաստանում երեխաների 1/5-ն ապրում է բազմաչափ աղքատության մեջ։ Մանկական աղքատության ամենաբարձր մակարդակը 2020 թվականին եղել է Շիրակի մարզում՝ 57.7 տոկոս: Բարձր մակարդակ է դիտվել նաև Գեղարքունիքում՝ 56.0 տոկոս, Տավուշում՝ 46.1 և Արագածոտնում՝ 40.1 տոկոս: Համեմատաբար ցածր մակարդակ է դիտվել Սյունիքի մարզում՝ 9.3 տոկոս։ Ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակը եղել է Արագածոտնի և Շիրակի մարզերում՝ համապատասխանաբար՝ 4.2 և 3.1 տոկոս:

2020թ.-ին գյուղական բնակչության աղքատության մակարդակը բարձր է միջին հանրապետականից՝ 33.6 տոկոս՝ 27 տոկոսի դիմաց։ Հողի սեփականությունը մեծ դեր է խաղում գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակի կրճատման գործում: 2020թ.-ին այն տնային տնտեսությունները, որոնք ապրում են գյուղական բնակավայրերում և չունեն հողակտոր, կազմում են 9.7 տոկոս և նրանց աղքատության մակարդակը կազմում է 32.8 տոկոս: Իսկ հողակտոր ունեցողների շրջանում աղքատության մակարդակը տատանվում է 24.8-30.3 տոկոս։

  • Կիսվել: