հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԱՄՆ հետախուզությունը կասկածում է, որ ՌԴ-ն օգնել է Իրանին Մերձավոր Արևելքում ԿՀՎ օբյեկտներին հասցված հարվածների ժամանակ․ Reuters

ԱՄՆ հետախուզությունը կասկածում է, որ ՌԴ-ն օգնել է Իրանին Մերձավոր Արևելքում ԿՀՎ օբյեկտներին հասցված հարվածների ժամանակ․ Reuters

Ամերիկյան հետախուզությունը ստուգում է Ռուսաստանի հնարավոր առնչությունը Մերձավոր Արևելքում ԿՀՎ-ի օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներին: Այս մասին հայտնել են Reuters-ի՝ հետաքննությանը ծանոթ չորս աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ ուսումնասիրվում է, թե արդյոք Մոսկվան կարող էր թիրախավորման համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ կամ ԱԹՍ-ների ճշգրտությունը բարձրացնող տեխնոլոգիաներ տրամադրել Թեհրանին:

Մարտին հարձակման էին ենթարկվել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատանը կից ԿՀՎ-ի ռեզիդենտուրան և ևս մեկ օբյեկտ Իրաքի արևելքում: Ընդհանուր առմամբ, պարբերականի զրուցակիցների տվյալներով, հարվածի տակ են հայտնվել ԿՀՎ-ի «մեկից ավելի, բայց տասից պակաս» օբյեկտներ. դրանց հստակ թիվն ու տեղակայումը չեն բացահայտվում: Արևմտյան երկրներից մեկի հետախուզական գործակալության ներքին վերլուծական զեկույցին ծանոթ պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանը, հավանաբար, դերակատարում է ունեցել թիրախների ընտրության հարցում:

Սաուդյան Արաբիայում դիվանագիտական առաքելության դեմ հարձակումը զոհերի չի հանգեցրել, սակայն հետախուզությունում կարծում են, որ հարվածի ընթացքում օգտագործվել են Ռուսաստանի կողմից արդիականացված Shahed անօդաչու սարքեր․ մեկ ԱԹՍ ծակել է դեսպանատան արտաքին պատը, իսկ երկրորդը ներս է թռել առաջացած անցքով ու պայթել: Աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանն Իրանին է փոխանցել «Կոմետա-Մ» արբանյակային նավիգացիոն համակարգը, որը նշանակալիորեն բարձրացնում է Shahed-136-ի ճշգրտությունը և ավելի լավ է պաշտպանված ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներից: Ավելի վաղ այս մասին գրել էր The Wall Street Journal-ը, սակայն Կրեմլն այս տեղեկատվությունն անվանել էր «կեղծիք»:

Հետախուզության վերլուծաբանները նաև ուսումնասիրում են՝ արդյոք Իրանն օգտագործել է ռուսական տվյալները Էր Ռիյադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման ժամանակ նշանառություն իրականացնելու համար: Չի բացառվում նաև, որ թիրախը կարող էր լինել բուն դիվանագիտական առաքելությունը, իսկ դրանում տեղակայված ԿՀՎ-ի բաժանմունքը վնասվել է պատահաբար: Այնուամենայնիվ, վերլուծաբանների մի մասը հանգել է այն եզրակացության, որ Ռուսաստանից բացի՝ աշխարհում քիչ պետություններ ունեն համապատասխան կարողություններ և շահագրգռվածություն՝ նման զգայուն հետախուզական տեղեկատվությունն ԱՄՆ օբյեկտներին հարվածելու նպատակով օգտագործելու համար:

Մտավախություններն առ այն, որ Ռուսաստանը կարող է Իրանին աջակցել թիրախների նշանառության հարցում, ավելի են սաստկացել այս հանգստյան օրերին Հորդանանի ռազմաբազային հասցված հարվածից հետո, որի հետևանքով խոցվել էին զորանոցները, և զոհվել էր երկու ամերիկացի զինծառայող: Աղբյուրների գնահատմամբ՝ ԿՀՎ-ի օբյեկտների թիրախավորումը փաստում է, որ Մոսկվան պատրաստ է դուրս գալ Թեհրանին ցուցաբերվող սովորական ռազմատեխնիկական աջակցության շրջանակներից և ուղղակիորեն խոչընդոտել տարածաշրջանում ամերիկյան գործողությունների իրականացմանը:

  • Կիսվել: