հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2019 թ-ին ներմուծում և արտահանում իրականացնող տնտեսավարողների թիվն աճել է

2019 թ-ին ներմուծում և արտահանում իրականացնող տնտեսավարողների թիվն աճել է

2019 թվականին ներմուծում և արտահանում իրականացնող տնտեսավարողների թիվն աճել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

Նրա խոսքով, նախորդ տարի նման գործունեությամբ  զբաղվել է 12 հազար 245 տնտեսավարող, ինչը 2018 թ-ի համեմատ 27%-ով ավելի է։

Ըստ ՊԵԿ փոխնախագահի, արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների՝ ներմուծում և արտահանում իրականացնող տնտեսավարողների թիվը աճել է 2018-ի կեսից սկսած։

«2014 թ-ի սկսած ԱՏԳ-ով զբաղվող տնտեսավարողների քանակը կայուն եղել է մոտ 5000, իսկ 2018-ի կեսերից արդեն զգալի աճ է արձանագրվել, և մինչև այսօր տնտեսավարողների թիվը հասել է 12 հազար 245-ի՝ աճելով 121%-ով»,-  նշեց նա։

Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ ոչ մի մաքսային կամ հարկային վարչարարություն չի փոփոխվել 2019-ին, որ կհանգեցներ արհեստական աճի: «Սա նշանակում է, որ տնտեսավարողների քանակը տնտեսական աճի հետ համահունչ մեծանում է»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: