շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի. ԿԲ նախագահ

12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի. ԿԲ նախագահ

Այս տարվա մարտին 12-ամսյա գնաճը Հայաստանում ավելացել է և կազմել 7.4 տոկոս, ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7.0 տոկոս, սակայն ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է և պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները: Սա բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա:

Գալստյանը նշեց նաև, որ 2022թ-ի առաջին եռամսյակում դիտվել է ՀՀ տնտեսական ակտիվության՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումներ: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում և ընդլայնում ամբողջական պահանջարկը: ՛՛Դա նպաստում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության բարելավմանը և արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ վերջինս դրական ազդեցություն կփոխանցի նաև ներքին գնաճային միջավայրի թուլացման և գնաճային սպասումների նվազման ուղղությամբ՛՛,-ասաց ԿԲ նախագահը և հավելեց. ՛՛Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին՛՛:

  • Կիսվել: